ԺԱՄԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին մնացել են հաշված օրեր: Քարոզարշավի անցած 23 օրերի ընթացքում քաղաքական ուժերը, կարելի է ասել, ի ցույց դրեցին իրենց նախընտրական խոստումների ողջ զինանոցը` սկսած սարերը շարժելուց, 200 հազար աշխատատեղ ստեղծելուց, ավարտած թոշակների կրկնապատկմամբ ու խորհրդային տարիների պետական ունեցվածքի վերաազգայնացմամբ: Սակայն հետեւելով ընտրություններին մասնակցող անխտիր բոլոր ուժերի քարոզարշավներին` դժվար է  չնկատել, որ դրանցում չկան երկրի համար կարեւորագույն ռազմավարական հարցերի շուրջ նոր հայեցակարգեր եւ հավատարժան ծրագրեր: Լոկ խոստումներ են, պոպուլիստական զեղումներ ու փքուն մաղթանքներով հագեցած կենացային ելույթներ: Մինչդեռ  այսօր, ի թիվս այլ ռազմավարական կարեւորության հարցերի, Հայաստանը կանգնած է լրջագույն ժողովրդագրական աղետի սպառնալիքի առջեւ, որի դեմը չառնելու դեպքում, ընդամենը կես դար անց հարցականի տակ կհայտնվի մեր պետության լինել-չլինելն առհասարակ: Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի Հետազոտությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ անցկացրած հետազոտության արդյունքում պարզել է, որ «մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ  թերսնուցման արդյունք է»: Ըստ ՀԺԱՀ նույն զեկույցի՝ մենք համարվում ենք ծերացող ազգ, որի կանայք միջինը ունենում են ընդամենը 1,7 երեխա:  
Ժողովրդագրական խնդիրների մասին ահազանգում է նաեւ ֆինանսների փոխնախարարը: ՀՀԿ-ական Վարդան Արամյանի գնահատմամբ` Հայաստանը պետք է փոխի ժողովրդագրական վիճակը, որպեսզի հնարավոր լինի լուծել կենսաթոշակային համակարգի խնդիրները: Այսօր այն դեֆիցիտային է, իսկ ապագայում վիճակն էլ ավելի է վատթարանալու: Պատճառն այն է, որ Հայաստանը գնալով ծերանում է, եւ այդ ժողովրդագրական խնդիրն անդրադառնում է նաեւ ֆինանսական համակարգի վրա: Պարզ ասած` երիտասարդները գնալով քչանում են, ծերերը` շատանում, ուստի առաջիններն այլեւս ի վիճակի չեն լինելու ապահովել վերջինների  թոշակը: Այդ պատճառով էլ պետությունը 2014թ-ից ներդնելու է կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը: Ասել է թե` ՀՀ քաղաքացիներն առաջիկայում սոցիալապես էլ ավելի անպաշտպան են դառնալու, քանզի ծերությունն այլեւս բավարար պայման չի դիտվելու` թոշակ ստանալու համար:  Եթե այս ամենին գումարում ենք նաեւ Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 1991-2009թթ. Վրաստանից հեռացած 1 միլիոն քաղաքացիներն ամենաշատը մեկնել են Ռուսաստան եւ Հայաստան, ապա պարզ է  դառնում, որ ժողովրդագրական առումով պատկերն աղետալի է նաեւ Ջավախքում: Առավել եւս, որ ՀՀ տեղափոխված ջավախահայերի մեծ մասն էլ հետագայում մեկնում է Ռուսաստան: Եւ ահա այսպիսի իրավիճակում  Հայաստանի անվտանգության խորհուրդ կոչվող մարմնի անդամները` ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, զբաղված են նախընտրական ժամավաճառությամբ:




Լրահոս