EASA Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ բջջային հեռախոսներն ու այլ էլեկտրոնային սարքերը միացրած վիճակում չեն խաթարում թռիչքի անվտանգությունը: Այդուհանդերձ, բջջայիները միացնելու կամ անջատելու հարցը ամեն ավիաընկերությունը որոշելու է ինքնուրույն. տեղեկացնում է Интерфакс-ը:
Մասնագետները նշում են, որ բջջայինները միացնելու թույլտվությունը չի նշանակում, որ ուղևորները կարող են խոսել թռիչքի ողջ ընթացքում: 10 հազար մետրից ավել բարձրության վրա բջջայինի ազդանշան չկա և մոտակա տարիներին չի նախատեսվում: Ինքնաթիռում Wi-Fi և հեռախոսային ցանց ունենալու համար ավիաընկերությունները ստիպված կլինեն հատուկ սարքավորումներ տեղադրել և, համապատասխանաբար, հավելյալ ծախսեր անել: Բացի այդ՝ ուղևորներից շատերը դեմ կլինեն, և նրանց կարծիքը անհրաժեշտ կլինի հաշվի առնել: Վերջին խնդրի լուծումը գտել է British Airways-ը, որը «Լոնդոն-Նյու Յորք» չվերթի ուղևորներին թույլատրում է միայն SMS գրել և օգտվել Wi-Fi-ից: