Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:
Մինչ այդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ այս հարցը հանձնաժողովում քննարկելու ժամանակ բոլորը քվեարկել են ձեռնպահ, բացի հեղինակից: Իր կարծիքն արտահայտեց նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշեց, որ նման օրենքի անհրաժեշտությունը հրատապ է և կոչ արեց ոչ թե սպասել կառավարության ներկայացվելիք փաթեթին, այլ կողմ քվեարկել այս օրենքին և հետագայում լրացումներ կատարել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք բոլորովին դեմ չեն այս օրինագծին, բայց արդեն նման մի օրինագիծ կա կառավարությանը ներկայացրած և ընդհանուր քննարկման ժամանակ ի գիտություն կընդունվի նաև այս օրինագիծը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն նույնպես ձեռնպահ կքվեարկի:
ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ առաջարկեց նախագիծը ներառել նիստերի օրակարգ, այնուհետև կատարելագործել: Ի վերջո նախագիծը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց հետևյալ ձայների հարաբերակցությամբ՝ կողմ 40, դեմ 3, ձեռնպահ 54:
Հիշեցնենք, որ այս օրենքով Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր արտոնություններ սահմանել սահմանապահ համայնքների բնակիչների համար: