«Մ. Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատում». խառնաշփոթ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի և Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկության ժամանակ Ազգային ժողովում խառնաշփոթ սկսվեց:

Կողմ էր քվեարկել 47 պատգամավոր, իսկ դեմ` 42-ը:   Պարզվեց՝ շատերը  ճիշտ չէին քվեարկել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ  նորից է դնում քվեարկության: ԲՀԿ-ական պատգամավորները ծափահարեցին ստեղծված իրավիճակին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց. «Ես զարմանում եմ, էդքան փոքր հնարավորությունից կարելի է՞ ուրախանալ: Եթե այդպես է, հաճախակի կտանք ձեզ նման հնարավորություն, որ ուրախանաք»: Շարմազանովն էլ նշեց. «Նենց չի, որ անցել էր նախագիծը, ո՛չ, չէ՛ր անցել, ուղղակի որպեսզի պրոբլեմ չլինի, նորից ենք դնում քվեարկության»:

Վարման կարգով հանդես ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և պահանջեց հիմնավորել կրկնակի քվեարկությունը: Էդուարդ Շարմազանովը հիմնավորեց. «Ձեր խմբակցությունից երկու հոգի են սխալ քվեարկել, մեր խմբակցությունից վեց հոգի»:

«Եթե չի աշխատել սարքավորումը, չեն քվեարկել, կարող ենք նորից կազմակերպել քվեարկությունը»,- ասաց ԱԺ նախագահը: Նորից կազմակերպվեց քվեարկություն և ԲՀԿ-ականների օրենքը չանցավ:

«Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատում»,- ծիծաղը չկարողացավ զսպել Շարմազանովը:

Տիգրան Ուրիխանյանը վարման օրենքով ձայն խնդրեց՝ ասելով. «Խոսքը գնաց քաղաքական՞, թե՞ տեխնիկական սխալի մասին, հազիվ մեկ անգամ լավ բան արեցիք, հետո միանգամից չեզոքացրեցիք, մարդիկ փորձառություն ունեն և քվեարկել են հօգուտ ժողովրդի»:




Լրահոս