«Ժառանգություն» կուսակցությունն իր գործողություններում զարմանալի զուգադիպությամբ սկսել է հետեւել ՀՀԿ-ին: Ընդ որում, «Ժառանգություն»-ՀՀԿ զույգի միասնական քայլերը սկսել են պարբերական բնույթ կրել:
Շաբաթ օրը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հրաժարվել են միանալ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի անդամ քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, պահանջում էին հակասահմանադրական ճանաչել ԸՕ-ի՝ քվեարկությունից հետո ընտրողների ցուցակի հրապարակումն արգելափակող կետերը: ՍԴ-ն արդեն վարույթ է ընդունել դիմումն ու մինչեւ մայիսի 5-ը տալու է պատասխանը: «Ժառանգության» պահվածքն ուշագրավ է այն առումով, որ այս կուսակցությունը հաճախ է խոսում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, սակայն նրանք չեն մասնակցել այդ նպատակին միտված գործողություններին: Դեռ ավելին, ինչպես ընտրությունների օրինականության միասնական շտաբի առաջին նիստում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կեսից բոյկոտեց քննարկումն ու հեռացավ դահլիճից, երկրորդ նիստում նույն կերպ վարվեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը:
Փոխարենը իրեն ընդդիմադիր համարող «Ժառանգություն»-ը միացել է ՀՀԿ-ի նախաձեռնությանը՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու մյուս կուսակցությունների հետ միասին ստորագրելով ԱԱԾ ուղղված դիմումի տակ, որով պահանջում են ԱԱԾ-ից հնարավորություն ընձեռել ծանոթանալու ՀՀ-ից հեռացած ու վերադարձած քաղաքացիների էլեկտրոնային տեղեկատվական բազային:
Զարմանալի զուգադիպությունները, սակայն, միայն այսքանով չեն սահմանափակվում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ժառանգություն»-ը որեւէ լուրջ քննադատություն չի հնչեցրել ՀՀԿ հասցեին, փոխարենն այս ընթացքում վարկաբեկել է ԲՀԿ-ին, Կոնգրեսին, ՀՅԴ-ին:
Բացի այդ, «Ժառանգություն» կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբը տեղակայված է Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող տարածքում՝ Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, որտեղ նախկինում «Արմավիա»-ի գրասենյակն էր:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. «Ժառանգության» նախընտրական բուկլետները տպագրվել են ՀՀԿ հովանավորությունը վայելող մեկ այլ օլիգարխի՝ Գարեգին Նուշիկյանին պատկանող տպարանում:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ընդդիմադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ «Դե ֆակտո» ամսագրում խոսքեր չի խնայել թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրած թեկնածուին՝ Ռուբեն Սադոյանին, գովելու համար՝ նրան ներկայացնելով որպես «լուրջ ու ծանրակշիռ անհատականություն»: Ընդ որում, այդ ամսագրում, բացի Սաֆարյանից, Սադոյանի գովքն են արել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը, Ժուռնալիստների միության անդամ, ՀՀԿ-ական Աստղիկ Գեւորգյանը: Սաֆարյանի քայլը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. նույն թիվ 9 ընտրատարածքում «Ժառանգություն»-ը մեծամասնական ընտրակարգով ունի սեփական թեկնածուն՝ այդ կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը: Ու, փաստորեն, Սաֆարյանը, թողած իր կուսակցության փոխնախագահին, զբաղված է նրա ՀՀԿ-ական մրցակցի քարոզարշավով: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց Ռ. Հակոբյանին, սակայն նա ողջ օրը, պատճառաբանելով, թե հանրահավաքի է, հրաժարվեց խոսել:
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ