Ես ոսկու շուկայի տիրոջ հետ ի՞նչ գործ ունեմ, ամեն մեկը իր քայլերը անում է իր խելքի, իր հնարավորությունների չափով, ես ի՞նչ գործ ունեմ նրանց հետ: Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը: Նա անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքներին:
«Մարդկանց բողոքը լսվել է, մենք գիտենք այդ բողոքը ինչի մասին է և փորձում ենք լուծել, հիմա դուք ժամանակից շուտ ինչու եք ուզում գրգռեք ժողովրդին, ժամանակից շուտ հանեք ոտի: Այսինքն դուք այնքան խելացի եք ու ժողովրդի կողմից ժուռնալիստներով, մենք էլ դեմ ենք հա՞ ամեն ինչին», – ընդգծեց Աղաբաբյանը:
Լրագրողների այն փաստարկին, որ ժողովուրդն առանց այն էլ ոտքի է կանգնել, Աղաբաբյանը ասաց. «Ժողովուրդը առանց այն էլ ոտքի է կանգնել, որովհետև սխալ ճանապարհով է գնում: Մենք իրենց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետևից, ընդդիմությունն այսօր ուզենա ամբողջ ժողովրդին կհանի ոտքի, որ գա իշխանության ու նորից թալանի: Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի, թող հանգիստ նստեն տեղները, մինչև լուծումը տանք: Խնդիրը նրանում է, որ ով ունի ապրանք վաճառելու, պետք է ունենա փաստաթուղթ: Այդ խնդիրը պետք է լուծվի», – ընդգծեց նա:
«Խոշորները բայց չեն տալիս փաստաթուղթ»,-պնդեցին լրագրողները: «Չեն տալիս, դրա համար պետք է պատժվեն»,-պատասխանեց Աղաբաբյանը: Լրագողների այն հարիցն, թե Կառավարությունը չգիտի՞ այդ խոշորների տեղը, Աղաբաբյանը ասաց. «Շատ էլ լավ գիտի, թող գտնի պատժի»: