ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴՐԺՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄԸ

Երեկ առավոտից Երեւանի տոնավաճառների ու ոսկու շուկայի աշխատակիցները համատարած գործադուլ էին հայտարարել ու բողոքի ակցիա սկսել ՀՀ կառավարության շենքի մոտ: Ակցիան անցավ լարված մթնոլորտում, քաշքշուկներով, փողոցը փակելով, մայրաքաղաքի երթեւեկությունը կանգնեցնելով: Իսկ մի քանի ժամ հետո Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի «շնորհիվ» բողոքի ակցիայի մասնակիցներին «ցրեցին»՝ սպառնալով՝ հակառակ դեպքում «բաժին տանել»:
Բանն այն է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» փոփոխության ենթարկված օրենքը պատուհաս է դառնալու փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Նրանք դժգոհում էին, որ պետք է ամեն վաճառված շորի ու մատանու մասին փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին: Հակառակ դեպքում՝ առաջին անգամ նախազգուշացում կստանան, երկրորդ անգամ կտուգանվեն 20 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Այսպիսով, մի կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե մտադիր է հարկային բեռը թեթեւացնել, խթանել փոքր ու միջին բիզնեսի զարգացանը, բայց դրան զուգահեռ փոքր ու միջին ձեռնարկությունների համար փաստաթղթաշրջանառությունը դարձրել է պարտադիր՝ դրանից բխող անցանկալի հետեւանքներով: Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը թեեւ հանդիպել է առեւտրականների հետ, բայց որեւէ «հույս» չի տվել նրանց՝ «ուղղորդելով» ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հետ: Վերջինս՝ մարդկանց «ցրելու» մեծ վարպետ է:

 

 
«Դուք համաձայն չե՞ք, որ կյանքն ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում»,- ըստ «Առավոտ»-ի, Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ հարցադրել է Սերժ Սարգսյանը: «Ոչ»,- բղավել է մի տիկին՝ Սարգսյանին հորդորելով գնալ գյուղեր ու տեսնել՝ ինչ է աղքատությունը: «Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ո՞վ է: Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք… թողեք խոսեմ. դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»,- հորդորել է Սարգսյանը, ում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 6 տարի «միջազգային թվերով» «կերակրեց»: Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Տ. Սարգսյանի «տնտեսական հրաշքը» գնովի է: Վերջինիս սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը պետբյուջեից 217 հազար դոլար էր ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից եւ մոտ 120 հազար դոլար էլ՝ Moody|`s Investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար: Հետաքրքիր է՝ Ս. Սարգսյանը միջազգային ա՞յս թվերն էր հիշատակում հայ համայնքի ներկայացուցչի վրա բարկանալիս:

 

 

 

Թեեւ 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մոտ 900 անուն ապրանքի մասով, որ ՀՀ-ն բանակցում էր, որպեսզի մաքսատուրքերը չբարձրանան, դեռ հաջողության չի հասել: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու: Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք հայկական կողմին հաջողվել է պայմանավորվել եւ խուսափել թանկացումներից: «Նախարարն արդեն ասել է, որ տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, որից հետո մեզ ոչ մի հայտ չի ներկայացվել: Հիմա դաշտն արդեն քաղաքական մասում է, այսինքն՝ ՀՀ արտգործնախարարությունը համաձայնագիրն է պատրաստում, մենք այս պահին ասելիք չունենք»,-պատասխանեց նախարարության ներկայացուցիչը՝ այդպես էլ չհստակեցնելով թանկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ:

 

 

 

Չնայած միջազգային հանրությունը շարունակում է ակտիվ փորձեր անել՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմն այս ընթացքում շարունակում է նոր-նոր խաղաղված դիվերսանտական «օպերացիան»՝ այս անգամ քայլ առ քայլ Հայաստանի սահմանին մոտեցնելով մարտական հենակետերից մեկը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ վերջերս Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում որսի դուրս եկած մի խումբ որսորդներ նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սովորության համաձայն, հերքեց մեր տեղեկությունը՝ «Նման բան չկա»: Մենք էլ, բնականաբար, չհավատացինք: Լիճք համայնքի ղեկավար Հովհաննես Միրզոյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրականում հակառակորդն առաջ է եկել, սակայն իր պետական սահմանի վրա է խրամատ փորել:

 

 
ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ

Քառյակից եռյակ դարձած Աժ ոչ իշխանական ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ժողվրդին ինչ են ասելու հոկտեմբերի 10-ին: Ու որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան փրկել իրենց դեմքը՝ դարձյալ որոշել են պատսպարվել «ժողովրդի պահանջ»-ի ներքո: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկվա՝ եռյակի հանդիպումից հետո հայտարարել է, թե հոկտեմբերի10-ի հանրահավաքի օրակարգը կորոշվի` ելնելով եռյակի մարզային այցելությունների ընթացքում ժողովրդի հնչեցրած պահանջներից. «Օրակարգի ձեւավորման հիմքում դրվելու են ժողովրդի մոտեցումները, ժողովրդի պահանջները»,-ասել է նա: Զավեշտալի է, սակայն արդեն հաջորդ հարցին՝ արդյոք ժողովրդի կողմից ամբողջական իշխանափոխության պահանջի դեպքում եռյակը հետամուտ կլինի դրա կատարմանը, Հակոբյանը պատասխանել է. «Կքննարկենք»: Մարդը, փաստորեն, երեք քաղաքական ուժերի անունից իր արած հայտարարությունից ընդամենը վայրկյաններ անց հետ է կանգնում դրանից` առանց դույզն իսկ վատ զգալու։
Իրականում սա լավագույնս արտացոլում է այն հակասական ու անհասկանալի իրավիճակը, որը ստեղծվել է ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի եռյակում, եւ, անկեղծ ասած, ողջ ընդդիմադիր դաշտում: Մի կողմից՝ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով քննադատելով իշխանություններին եւ հայտարարելով, որ երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտի ուժերը մյուս կողմից որեւէ քայլ չեն կատարում այդ համակարգային փոփոխություններն իրականացնելու ուղղությամբ: Այսօր քննարկվում է երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու երկու տարբերակ. իշխանափոխություն եւ սահմանադրական բարեփոխումներ: Վերջինիս հետ կապված եռյակի դիրքորոշումը հայտնի է, պատճառաբանությունը` նույնպես: Իսկ ահա իշխանափոխության հարցում չնայած այն հանգամանքին, որ առանձին-առանձին եռյակի ուժերից ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը պարբերաբար բարձրաձայնում են իշխանափոխության անհրաժեշտության մասին, սակայն արդյունքում` ընկրկում են ԲՀԿ-ի կամքի առջեւ եւ որպես միասնական քաղաքական միավոր իրենց հայտարարություններում ամեն կերպ փորձում գոնե առայժմ խուսանավել իշխանափոխության պահանջի հնչեցումից:
Եվ որ ուշագրավ է, դրան ի հակառակ բավականին հստակորեն հայտարարում են, որ չեն պատրաստվում պահանջել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը` դարձյալ, մի ծիծաղեք, համակարգային փոփոխությունների անհրաժեշտության գիտակցությունից ելնելով:
Արդյունքում ստացվում է, որ եռյակն այս փուլում ընդամենը մեկ առաքելություն ունի. ներքաղաքական լարված իրավիճակում «գոլորշի բաց թողել»՝ մինչեւ տեսնեն՝ ինչ կստացվի մեծ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 




Լրահոս