ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓԵՍԱՅԻ «ՏԱՐԱԾՔՈՒՄ»
Երեկ քառյակից եռյակի վերածված ԱԺ ոչ իշխանական 3 ուժերը դռնփակ նիստ են հրավիրել, որը տեւել է մոտ 2 ժամ: Նիստի ավարտից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ վերջնականապես հաստատել են եռյակի մարզային այցելությունների ժամանակացույցը:
Եռյակը որոշել է իր այցելությունները սկսել սեպտեմբերի 25-ին Աբովյան քաղաքից: Նշենք, որ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ «Ժառանգություն» խմբակցությունները որոշել էին հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում: Եվ այսպես. մարզային հավաքների առաջիկա ժամանակացույցը հետեւյալն է. սեպտեմբերի 25-ին Աբովյան՝ 17:00, Քաղաքապետարանին կից հրապարակ, սեպտեմբերի 26-ին Հրազդան՝ 17:00, Մարզպետարանին կից հրապարակ, սեպտեմբերի 28-ին Սիսիան՝ 13:00, Սիսակ Նահապետի հրապարակ, սեպտեմբերի 28-ին Կապան՝ 17:00 Գարեգին Նժդեհի հրապարակ, հոկտեմբերի 3-ին Արարատ՝ 17:00 Վազգեն Սարգսյանի հրապարակ, հոկտեմբերի 4-ին Իջեւան՝ 13:00, Շատրվաններին կից հրապարակ, հոկտեմբերի 6-ին Վանաձոր՝ 17:00, Հայքի հրապարակ, հոկտեմբերի 8-ին Գյումրի՝ 17:00, Թատերական հրապարակ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար. Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ իրենց գրաֆիկը շատ հագեցած է լինելու. «Շատ կարեւոր են մարզային այցելությունները, որոնք կազդեն ընդհանուր օրակարգի վրա: Մենք նկատի կունենանք հասարակության պահանջները: Հարցեր կան, որոնք կճշտվեն մարզային այցելություններից հետո, դրանք շատ կարեւոր են, որովհետեւ օրակարգի հիմքում գրվելու են ժողովրդի պահանջները: Հարցեր կդնեն իշխանափոխության՝ մենք կքննարկենք»:
Ի դեպ, երեկ եռյակի նիստին մասնակցել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: Ռ. Հակոբյանը Ա.Ավագյանի ներկայությունը մեկնաբանելով նշել է, թե երկու հանձնախումբ են ձեւավորել՝ կազմակերպչական եւ քարոզչական, դրա համար էլ Ավետիս Ավագյանը մասնակցել է իրենց նիստին:
Տեղեկություններ կան, որ մարզային այցելությունները Աբովյան քաղաքից սկսելու «գաղափարը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը, ինչպես հայտնի է` Աբովյանի քաղաքապետն է: ԲՀԿ-ն ցանկանում է, որպեսզի առաջին հավաքը լինի մարդաշատ ու բուռն, ինչն ապահովելու համար պետք են լուրջ լծակներ: Ուստի ԲՀԿ-ն որոշել է, որ հաջողության հասնելու համար պետք է հենց Աբովյանից սկսել, որպեսզի քաղաքապետ-փեսան քաղաքային հրապարակը «լցնի»` ի ցույց դնելով իրենց սատարողների բազմամարդ բանակը:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարցեր ուղղել ԲՀԿ-ականներին, սակայն վերջիններս կա՛մ հեռախոսազանգերին չէին պատասխանում, կա՛մ էլ հայտարարում էին, որ շատ զբաղված են: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ առաջիկա մարզային հավաքի վերաբերյալ շատ կարճ խոսեց:
-Պարոն Մարգարյան, ինչո՞ւ է եռյակը որոշել իր մարզային այցելությունները սկսել Աբովյան քաղաքից:
-Իսկ եթե Սիսիանից սկսեինք ի՞նչ էր փոխվելու:
-Դուք կիմանաք: Համենայն դեպս, շատերը Աբովյանից մարզային այցելությունները սկսելը պայմանավորում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ քաղաքապետ լինելու հանգամանքով: Մի՞թե դա այդպես չէ:
-Ինձ այդ հարցը ուղղել են ու ես անգամ դրա մասին տեղյակ չէի, ես անգամ զարմացա այդ հարցից, թե ինչ կա դրա մեջ, որ նման հարց են տալիս: Այդտեղ որեւիցե բան պետք չի փնտրել, ուղղակի դա համընկել է մեր այցելությունների հետ:
-Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն միայն Աբովյան քաղաքում կարող է մարդաշատ հավաք անցկացնել…
-Բացարձակ նման բան չկա: Որեւէ բան մի կապեք մեր հանդիպումների հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարց ուղղել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ է եռյակը որոշել իր հանդիպումները սկսել Աբովյան քաղաքից:
-Որտեղից էլ մարզային այցելությունները սկսեինք՝ այդ նույն հարցը տալու էիք:
-Նշվում է, որ որոշումը կայացրել է ԲՀԿ-ն, քանի որ Գ. Ծառուկյանի փեսան Աբովյանի քաղաքապետն է ու միայն այնտեղ ԲՀԿ-ն կարող է մարդաշատ հավաք անել:
-Չէ, չէ, ստացվում է, որ Գյումրին ամենաթո՞ւյլն է, դրա համար էլ ամենավերջո՞ւմ ենք թողել: Սյունիքից սկսեինք կասեիք՝ ինչի՞ համար եք Սյունիքից սկսել: Այդտեղ որեւէ հատուկ բան չկա, ցանկացած դեպքում էլ նման հարց էր հնչելու: Հիմքում որեւէ նման բան չկա: Պետք չէ ինչ-որ բաներ փնտրել այդ հանդիպումների մեջ:
Հ. Գ. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ առումով որեւէ բան չունեն ավելացնելու:
ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ
Դեռեւս փետրվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միության հետ սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, որ մաքսատուրքերի կիրառումը կարող է բերել 1,4% գնաճի։ Վերջինս նշել էր, որ ներկայում դեռ վաղ է խոսել գների աճի մասին, քանի որ հայկական կողմը Մաքսային միությանը ներկայացրել է շուրջ 900 անվանում զգայուն ապրանքների ցանկ, որոնց մաքսատուրքերի մասով բանակցություններ են վարվելու՝ կա՛մ բացառությունների կիրառման, կա՛մ սակագնային քվոտաների ստացման նպատակով։ Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ բանակցություններն արդյունավետ չեն եղել եւ հայկական կողմին որեւէ կերպ չի հաջողվել հասնել մեզ համար ցանկալի պայմաններին: Նշենք, որ հոկտեմբերի 10-ին նախանշված է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրումը:
Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել էր 11 553 անուն ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսային դրույքաչափերը Հայաստանում եւ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Այսինքն, եթե Հայաստանը բոլոր այդ ապրանքները ներմուծեր ԵՏՄ-ից դուրս գտնվող երկրներից, ապա շուրջ 7000 ապրանքատեսակների գները շեշտակիորեն կբարձրանային, իսկ մոտ 1700 ապրանքներինը՝ կիջնեին:
Որոշ ժամանակ հետո էլ հայտարարվեց, թե մոտ 900 անուն ապրանքի շուրջ են բանակցություններն ընթանում, թեեւ մինչեւ 2014-ի օգոստոս ամիսը այդ ցանկն այդպես էլ չհրապարակվեց: Միակ հավաստիացումը, թերեւս, Սերժ Սարգսյանի` Աստանայի գագաթաժողովից հետո տված հարցազրույցում արված հայտարարություններն էին առ այն, որ բազմաթիվ ապրանքատեսակների մասով արտոնությունները լինելու են:
Այնուամենայնիվ, եթե Հայաստանին այդ 900 ապրանքների գծով որեւէ արտոնություն չտրվի, ապա, ըստ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու պահին Հայաստանում լրացուցիչ 1.5% գնաճ կառաջանա: Իսկ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ 2014-ի մայիսին հայտարարել էր, որ Հայաստանի համար սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մաքսատուրքերի հարցում ՄՄ հետ բանակցությունների ժամանակ արդեն համաձայնություն ձեռք բերվել է:
Ամեն դեպքում, բանակցությունների` անգամ մեզ համար լավագույն ելքի պարագայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու, պարզապես այն կարող է լինել շատ կամ քիչ, եւ բաշխվել կարճ կամ երկար ժամկետի վրա: Այսպիսով՝ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանում կարեւոր նշանակության ու առաջին անհրաժեշտության շատ ապրանքների գծով թանկացումներն անխուսափելի են՝ անկախ նրանից դրանք կլինեն ԵՏՄ մտնելուց անմիջապես հետո, թե որոշ ժամանակ անց:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանից փորձեց պարզել՝ արդյոք հայկական կողմին հաջողվել է բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի պայմանների, որոնք կապահովեն ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ապրանքների թանկացումներից խուսափելու հնարավորությունը: Պատասխանը, սակայն, որեւէ նորություն չէր պարունակում. «Նախարարն արդեն ասել է, որ տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, որից հետո մեզ ոչ մի հայտ չի ներկայացվել: Հիմա դաշտն արդեն քաղաքական մասում է, այսինքն՝ արտգործնախարարությունը համաձայնագիրն է պատրաստում: Մենք այս պահին ասելիք չունենք»,-փոխանցեց Էկոնոմիկայյի նախարարության ներկայացուցիչը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՀԻՇԵՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասսը խոստանում է պաշտոնավարման ընթացքում կոչ անել պաշտոնական Անկարային «հասնել 1915 թվականի դեպքերի լիակատար, անկեղծ եւ արդար ճանաչմանը»: «Անկարան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ»,- հայտարարել է Բասսը:
ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ, ՈՐ ՉԲՈՂՈՔԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում որոշում կկայացվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներին օգնելու մասին: Հիշեցնենք, որ ճամբարակցիները վերջերս տեղի ունեցած կարկուտի հետեւանքով մեծ վնասներ կրեցին: Իսկ թե կառավարությունը որքան կօգնի տուժածներին, «Ժողովուրդ»-ին առայժմ չի հաջողվել պարզել:
Այնուամենայնիվ, այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ, ով ասաց. «Խոսակցություններ կան, որ կառավարության այս շաբաթվա նիստում հնարավոր է՝ այս հարցը քննարկվի եւ համապատասխան փոխհատուցում տրվի: Բայց դրանք խոսակցություններ են: Այս պահի դրությամբ հստակ նորություն չունենք»:
Ի դեպ, այս օրերին Ճամբարակում տեղացած անձրեւի պատճառով կարկուտից տուժածների բնակարանները կրկին վնասվել են: «Անձրեւը բավականին տարածքներ է վնասել: Բայց մենք աշխատում ենք բնակիչների հետ, որպեսզի բողոքի ալիք չհասունանա»,- փոխանցեց քաղաքապետը:
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 3-րդ պոչամբարի կառուցման մասին խոսակցությունները գնալով ավելի մեծ թափ են ստանում: Թեեւ բնապահպանները պնդում են, որ երրորդ պոչամբարի կառուցումը եւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի գործունեությունը վատ ազդեցություն կունենան Մելիքգյուղի վրա, այնուամենայնիվ, գյուղի բնակիչներին արդեն համոզել են: Նրանք հասցրել են այս հարցի մասով փոխել իրենց դիրքորոշումը: «Ելնելով սոցիալապես ծանր պայմաններից, մարդիկ ստիպված են համաձայնել աշխատել հանքավայրում, որովհետեւ գյուղի բնակիչների մեծ մասին ՌԴ-ից հետ են ուղարկում: Նրանք էլ ցանկություն են հայտնել աշխատել իրենց առողջության հաշվին, դիմել ու ընդգրկվել են: Ես էլ ստիպված եմ քայլել բնակիչների հետ»,-համայնքում առկա իրավիճակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես նկարագրեց գյուղապետը:
Ի դեպ, վերջերս տեղի են ունեցել նաեւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված՝ բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումները: Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընդամենը մի քանիսն են դեմ արտահայտվել երրորդ պոչամբարի կառուցմանը: