ԳՆՈՎԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ՝ ՄԵԿ ԳԻՇԵՐՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՖՈՆԻՆ
Սերժ Սարգսյանը կարծես թե կորցրել է ադեկվատության զգացողությունը: Նա Չեխիայում բնակվող հայերի հետ դեսպանատան դահլիճում ունեցած հանդիպման ժամանակ անսպասելի ագրեսիվ պահվածք է դրսեւորել:
Ահագնացող տեմպերով կործանում
«Առավոտ»-ը երեկ հրապարակել էր հանդիպման սղագրությունը: Ըստ այդմ, մեր հայրենակից Լարիսա Գրիգորյանը հիշեցնելով աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի խոսքերը՝ մաֆիոզ ավազակների մասին, հարց է ուղղել Սարգսյանին. «Ինչպե՞ս կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը»: Ի պատասխան Սարգսյանն ասել է, թե ինքը Ազնավուրին հարգում է որպես երաժիշտ, բայց նա չի տիրապետում հայկական իրականությանը: Այնուհետեւ դասեր է տվել իրենց հարց տվող ուսուցչուհուն. «Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել ահագնացող բառի իմաստը», ապա ինչ- որ թվեր է ներկայացրել, որոնք հանգեցրել են 2012-ին արտագաղթի տեմպերի նվազման: Նախ՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտած Սերժ Սարգսյանին հիշեցնենք «ահագնացող» բառի բացատրությունը. ըստ Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ «ահագնացող» նշանակում է՝ «կուտակվելով մեծանալ, տարածվել, սաստկանալ, վիթխարի, հսկայական դառնալ»: Ապա բառերը համադրենք իրականության հետ: Եթե միայն 2012-ին ՀՀ-ից 170 հազար մարդ է հեռացել, դա ի՞նչ է, եթե ոչ «ահագնացող տեմպերով ընթացող արտագաղթ»:
Արհեստական թվերով գեղեցկություն
Բայց սրանով չի ավարտվել Սարգսյանի «կռիվը» հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հարց է տվել. «Դուք համաձայ չե՞ք, որ կյանքն ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում»: «Ոչ», բղավել է մի տիկին՝ Սարգսյանին հորդորելով գնալ գյուղեր ու տեսնել՝ ինչ է աղքատությունը: «Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ո՞վ է: Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք… թողեք խոսեմ. դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»,-հորդորել է Սարգսյանը: Այդ պահին, հավանաբար, նա մոռացել էր, որ ՀՀ վարչապետն այլեւս Տիգրան Սարգսյանը չէ, որը 6 տարի շարունակ «միջազգային թվերով» կերակրեց ՀՀ նախագահին՝ մեր երկրի պետբյուջեի հաշվին իրեն ձեռնտու միջազգային վարկանիշային ցուցանիշներ գնելով:
Ուղիղ մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, որ Տիգրան Սարգսյանի «տնտեսական հրաշքը» արհեստական է, գնովի: Նախկին վարչապետի սանիկ, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նախարարության միջոցներից 217 հազար դոլար էր ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից եւ մոտ 120 հազար դոլար էլ՝ Moody|`s Investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը միջազգային ա՞յս թվերն էր հիշատակում հայ համայնքի ներկայացուցչի վրա բարկանալիս: Թե՞ միայն գեղեցիկ հագնվելը նա արդեն տնտեսապես բարեկեցիկ երկրի ցուցանիշ է համարում:
Բա քանի՞ հոգով շաքար ներկրեն
Ինչեւէ, շարունակենք ներկայացնել Սարգսյանի խոսքերը, որոնք ամենամեղմ ձեւակերպմամբ դժվար է ադեկվատ մարդու վարքագիծ համարել: Մեր հայրենակիցներից Արսենը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է երկրում շաքարը մեկ մարդ ներկրում: «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն»,- կրկին բարկացել է մշտապես տնտեսության ազատականությունից խոսող ՀՀԿ առաջնորդը: Երբ մեր հայրենակիցներից մեկն առաջարկել է, օրինակ, տրանսպորտի ոլորտում բիզնես տալ իրեն, եթե իսկապես «գծատերերը» ասում են, թե այն շահավետ չէ, Սարգսյանը ինքնավստահ խոստացել է. «Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ, ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ»: Նկատենք, որ քաղաքացու հետ «դու»-ով է խոսում մի մարդ, ով 2 տարի առաջ հրապարակավ բոլոր մանր ու միջին իշխանիկներին կոչ էր անում քաղաքացիների հետ «դուք»-ով խոսել:
Բայց միայն տնտեսական հարցերը չէ, որ զայրացրել են Սարգսյանին: Նրան անգամ հեռուստաալիքների մասին արված հարցադրումը դուր չի եկել: Երբ Չեխիայում բնակվողները դժգոհել են հայկական ոչ օգտակար, գռեհիկ հեռուստաեթերից, ահա թե ինչ է նա պատասխանել. «Հեռուստաալիքների մեծ մասը մասնավոր են, ես իրավունք չունեմ խառնվելու: Ինչ վերաբերում է «Հ1»-ին, համաձայնեք, որ շատ բան է փոխվել, թարմ ու հետաքրքիր խորագրեր կան: Կարող է արբանյակայինով ուրիշ բաներ են հաղորդում, բայց Երեւանում շատ լավ է»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի դիտած «Հ1»-ը լավն է, իսկ Չեխիայում հեռարձակվող «Հ1»-ի համար երկրի ղեկավարը պատասխանատվություն չի կրում: Հետաքրքիր է՝ էլ ինչո՞ւ է ամեն տարի Հանրային հեռուստաընկերությունը հսկայական գումարներ ստանում ՀՀ պետբյուջեից: Անգամ երկրի նախագահն է տարակուսում, թե ինչ որակի հեռարձակում են ապահովում «Հ1»-ի պատասխանատուները: Այդ որտե՞ղ է ծախսվել միայն 2013-ին տեխնիկական վերազինման համար հատկացված 850 մլն դրամը:
Ինչ աներ նա մեկ գիշերում
Հայ համայնքի ներկայացուցիչների եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում մի շատ կարեւոր բան է բացահայտվել. Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ իրեն, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպել է Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն անել: Երբ մեր հայրենակից Բագրատ Առաքելյանը հետաքրքրվել է, թե ինչու չհարցրեցիք համայն հայության կարծիքը՝ ՄՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ, Սարգսյանը այսպիսի պատասխան է տվել. «Հետաքրքիր մարդ եք՝ եկել եք, էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը: Նրանք պիտի որոշեն՝ ՀՀ-ն Մաքսային միությունում պիտի լինի՞, թե ոչ: Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել: Դու կարդացե՞լ ես ազատ առեւտրի պայմանագիրը…»:
Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի խոսքերից միակ տրամաբանական ու տեղին քննադատությունը թերեւս այն է, որ մեր շատ հայրենակիցներ փախել են երկրից, գնացել, այլ երկրի օրենքներին ենթարկվելով ապրում են, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի օրենքներին «հավան չեն», ինչ- որ բաներ են ուզում փոխել: Այստեղ իրոք նրանց պահվածքը քննադատության արժանի է:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՔԱՎՈՐ ԵՐԻՑՅԱՆԸ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս օրերին հրավիրատոմսեր են բաժանվում քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների, որպեսզի ներկայանալի դեմքերով իրականացվի արարողությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարի խաչի «քավորը» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մարտունեցի Հակոբ Հակոբյանն էր:
ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրիի գարեջուր» ՍՊԸ-ն կարգազանցությամբ է աչքի ընկել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին ընկերությունը Հայաստան է ներմուծել ածխաթթվային էլեկտրական տաքացուցիչ, սակայն գարեջրի գործարանի մասնագետ Դավիթ Աբրահամյանը սահմանված ժամանակում փաստաթղթեր չի ներկայացրել մաքսային մարմին: Արդյունքում Ֆինանսների նախարարությունը քաղաքապետին պատկանող ընկերությանը տուգանել է սիմվոլիկ՝ 50.000 դրամի չափով:
ԱՄՈՒՍԻՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԿՆՈՋԸ
Շենգավիթ վարչական շրջանի մի բնակիչ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, որոշել է «անկախանալ»: Տիկինը, որի անունը «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում՝ հասկանալի պատճառներով, դիմել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, որ իր նախկին ամուսինը 2010թ. մինչ օրս սպառնում է իրեն եւ ստիպում Բագրատունյաց փողոցում զբաղվել մարմնավաճառությամբ: Նա հայտնել է նաեւ, որ նախկին ամուսինը պահանջել է աշխատած գումարի 50.000 դրամը իրեն տալ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ հրաժարվելով գործի մասին այլ մանրամասներ հայտնել, քանի որ այն կարող է վնասել քննությանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
300 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ՎՃԻՌ
Երեւանի բնակիչ, 26-ամյա Արթուր Մնացականյանը մեղավոր է ճանաչվել «18plus.am» ինտերնետային կայքը ստեղծելու եւ կայքի միջոցով ապօրինի պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մեջ։ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում երեկ դատավոր Մարինե Մելքոնյանը վճռեց Արթուր Մնացականյանին տուգանել 300 հազար դրամով՝ բավարարելով դատախազ Միքայել Գրիգորյանի միջնորդությունը։
Դատախազ Միքայել Գրիգորյանը մեղադրական ճառը ընթերցելիս նշեց, որ «Արթուր Մնացականյանին առաջադրված մեղադրանքը լիովին ապացուցված է։ Մեղմացուցիչ հանգամանք է համարվում այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, իրեն մեղավոր է ճանաչել եւ զղջացել։ Արարքը ծանրացնող հանգամանքներ չկան»,-նշեց դատախազն իր մեղադրական ճառում։ Հավելենք, որ դատապարտվելուց հետո կայքի հիմնադիրը մտադիր է շարունակել կայքի գործունեությունը:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից: «Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումն անարգալից քայլ է հայ ժողովրդի եւ նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Տեղի ունեցածն անթաքույց դրսեւորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
ԴԵՐՈՆ ԿԵՐԵԼ Է ՓՈՂԵՐԸ
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաեւ «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164 մլն դրամ ստուգման ծավալով: Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039 մլն դրամի չափով: