ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԶՈՒԹԻ ԳՈՐԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՕՐԻՆՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարելի է համարել «պարադոքսների» կառավարություն, քանզի այստեղ անհասկանալի տրամաբանությամբ եւ սկզբունքով հավաքվեցին ինչպես արդեն գործող, այնպես էլ վաղուց մոռացության տրված դեմքեր` յուրատեսակ «ռենեսանս» արձանագրելով: Բայց եթե ինքնին «ռենեսանս»-ը վերածնունդ է նշանակում՝ իր դրական միտումներով, ապա մի շարք նշանակումներ վկայում են ճգնաժամի ու նախկին կապերի եւ շահագրգռությունների միջոցով պետությունը կառավարելու անհագ կրքի մասին: Այսինքն՝ ամեն ինչ յուրայիններին ու յուրայինների միջեւ:

Այս մտայնությունն էլ հանգեցրեց այն բանին, որ կառավարության կազմում, եւ այն էլ բավականին առանցքային ու եկամտաբեր պաշտոնում, հայտնվեց Երվանդ Զախարյանը: Ինչպես մի ժամանակ ժողովուրդն էր ասում՝ «մազութի Երվանդը», որի՝ կենսաթոշակի անցնելու ժամանակը վաղուց լրացել է… Բայց իշխանություններն առաջնորդվեցին «հին ընկերները չեն հեռանում» կարգախոսով եւ 68-ամյա Զախարյանին նշանակեցին Բնական պաշարների եւ էներգետիկայի նախարար՝ նրա կենսագրության մեջ լրացնելով նաեւ այս «բացթողումը»: Զախարյանը էներգետիկայի փոխնախարար եղել էր 1992-1994 թվականներին, որից հետո մեկնել էր Մոսկվա եւ երեք տարի այնտեղ զբաղվել գործարարությամբ՝ գլխավորելով արտադրաշինարարական կոոպերատիվ:
Այստեղ կարող է լինել երկու բացատրություն. կամ խեղճ մարդու ֆինանսական վիճակն էր շատ վատ, որ փոխնախարարի պաշտոնից հետո խոպան էր գնում, կամ էլ այնքան շատ էր կարողացել կուտակել, որ հարկավոր էր ներդնել սեփական բիզնեսում…
Ներկա կառավարությունում Երվանդ Զախարյանը ոչ միայն տարիքով երեցն է, այլեւ ամենահարուստ կենսագրությունն ունեցողը: Ընդ որում, նրա աշխատանքային կենսագրությունը սկսվել է 1962 թվականին, 16 տարեկան հասակից, երբ աշխատել է Երեւանի «Գունմետշին» տրեստում, ապա՝ «Հրազդանշին» ձեռնարկությունում՝ որպես մոնտաժող։ Ի դեպ, պետք է ենթադրել, որ Երվանդ Զախարյանը բարձրագույն կրթությունը Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում ստացել է երեկոյան կամ հեռակա ուսուցմամբ, քանի որ սովորելու ողջ ընթացքում աշխատել է՝ անցնելով սովետական օրինակելի պաշտոնյայի բոլոր աստիճաններով՝ բանվորից մինչեւ արտադրության ղեկավար: Անգամ հասցրել է ընդամենը մեկ տարով սովորել Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում, իսկ 1991-ին, երբ Գազաֆիկացիայի պետկոմի «Հայգազշին» տրեստի կառավարիչն էր, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
Անկախությունը Երվանդ Զախարյանը դիմավորեց հենց կառավարչի պաշտոնում, ապա մոտ մեկ տարի եղավ էներգետիկայի նախարարի տեղակալ, ինչից հետո, ինչպես արդեն նշվեց, մեկնեց Մոսկվա՝ զբաղվելու կոոպերատիվ գործունեությամբ:
Զախարյանը Հայաստան վերադարձավ միայն 1997 թվականին եւ անմիջապես նշանակվեց «Հայտրանսգազ» ՊՁ գլխավոր տնօրեն: Այդ ժամանակ երկրի վարչապետն արդեն Ռոբերտ Քոչարյանն էր, ուստի Երվանդ Զախարյանը, ծնված լինելով Ադրբեջանում, գուցե կարողացել էր «լեզու գտնել» կառավարության նոր ղեկավարի հետ եւ դառնալ մի չափազանց խոշոր ձեռնարկության տնօրեն: Ասում են, որ նրա՝ Մոսկվա մեկնելը պայմանավորված էր մի շարք «ոչ հաճելի» պատմություններով, քանզի հենց այս շրջանում էր նրան «կպել» «մազութի Երվանդ» մականունը: Իսկ թե դրանք ինչ ժամանակներ էին երկրի համար՝ շատերս գիտենք: Գիտենք, որ իսկապես տեղի էր ունենում մազութի եւ այլ էներգակիրների թալան, որ հովհարային անջատումները ոչ միշտ էին արդարացված ու հիմնավոր…
Սակայն չնայած այս ամենին՝ Ռոբերտ Քոչարյանն այնքան էր վստահում ու հավատում Երվանդ Զախարյանին, որ նախկին խոպանչին Հայաստան վերադառնալուց մեկ տարի անց նշանակվեց տրանսպորտի նախարար, երկու տարի ղեկավարեց նախարարությունը, ապա 2000-2001թթ. նշանակվեց պետական եկամուտների փոխնախարար՝ համակարգելով ամեն գնով հարկերի հավաքագրման գործընթացը, որից հետո դարձյալ վերանշանակվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:
Իհարկե, շատ երկար չտեւեց այս պաշտոնավարումը, քանզի 2001-ին Ռոբերտ Քոչարյանը Զախարյանին տեղափոխեց Հայաստանի «ամենայուղալի» պաշտոնին՝ նշանակելով պետական եկամուտների նախարար, իսկ նախարարության լուծարումից հետո՝ Հարկային պետական ծառայության պետ: Հենց այս ժամանակ էլ սկսեցին խոսել Երվանդ Զախարյանի ունեցվածքի ու նյութական ահռելի ձեռքբերումների մասին:
Նրան համարում էին ինչպես երկրի ամենահարուստ, այնպես էլ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: 2003 թվականին Ալբերտ Բազեյանին մեղադրելով, «փողի վրա նստած՝ փող ուզելու» մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետ նշանակեց փողի արժեքը լավ իմացող Երվանդ Զախարյանին, որի օրոք էլ սկիզբ առավ Երեւանի ահարկու մասնատումը ըստ ազդեցությունների: Այս շրջանում սկիզբ առան Բուզանդի, Արամի փողոցների բնակիչների ապօրինի տարհանումները, ամբողջապես այլանդակվեցին Օպերային թատրոնի հարակից պուրակն ու Օղակաձեւ զբոսայգին: Երվանդ Զախարյանի թողտվությամբ ուղղակի կամ անուղղակի աճուրդների միջոցով վաճառքի հանվեցին մայրաքաղաքի գրեթե բոլոր «շահավետ» տարածքները… Վեց տարի շարունակ Երեւանը մասնատվեց ու հոշոտվեց, թաղապետարանները, քաղաքապետի թույլտվությամբ, սեփականաշնորհեցին բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցական շենքեր, սոցիալ-մշակութային նշանակության այլ կառույցներ…
Չնայած այս ամենին, քաղաքապետի պաշտոնից նա տեղափոխվեց ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ զբաղեցնելով այդ «յուղոտ» հիմնարկի ղեկավարի պաշտոնը:
Նշենք, որ չափազանց հարուստ Երվանդ Զախարյանը շատ համեստ է գտնվել իր պաշտոնական հայտարարագրերում՝ նշելով «չնչին» ունեցվածք՝ ընդամենը 37 մլն դրամ, որից էլ ծախսել է 7 մլն 200 հազար դրամ եւ գնել իր համար LEXUS LS 460 ավտոմեքենա: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Երվանդ Զախարյանը, ըստ իր հայտարարագրի, եկամուտները կուտակել է բացառապես աշխատավարձից, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 103 հազար 233 դրամ: Ստացվում է, որ մոտ 9 տարի Զախարյանը ոչ մի լումա չի ծախսել, չի սնվել, չի հագել եւ միայն դրամ է կուտակել…
Այդ տնտեսումները թերեւս նրան առաջիկայում պետք գան, քանզի վերջերս պաշտոնանկ արված նրա դատավոր որդին, հնարավոր է, լուրջ խնդիրներ ստեղծի հայրիկի համար:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

 

 
ՓՈՔՐԻԿ ԿԱՐԵՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԹՂԹԱՊԱՆԱԿ ՈՒՆԵՆԱԼՆ է

12-ամյա Կարենին հանդիպեցինք փողոցում: Նա դպրոց էր շտապում առանց պայուսակի՝ տոպրակը ձեռքին: Զրուցելով տղայի հետ պարզեցինք, որ թեպետ դպրոց է հաճախում մեծ սիրով, սակայն չունի դպրոցական պայուսակ:

«Երազում եմ թղթապանակ ունենալ, որպեսզի տետրերս եւ գրքերս այնտեղ տեղադրեմ»,-փափագով ասաց փոքրիկը:
Կարենի հետ հանդիպումն առիթ հանդիսացավ այցելելու նրանց տուն՝ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող հանրակացարանային մի շենք: Մարգարիտա Կոնինյանն իր երկու անչափահաս երեխաների՝ 14 տարեկան Սվետայի եւ 12 տարեկան Կարենի հետ տասը տարի է՝ ապրում է այդ անբարեկարգ բնակարանում:
«Բնակարանը մերը չէ, վարձով ենք այստեղ, պետությունից նպաստ եմ ստանում՝ 27000 դրամ, իսկ բնակարանի վարձը 35000 է: Ամուսինս տարիներ առաջ գնաց Ռուսաստան ու այդպես էլ չվերադարձավ: Ես տներ ու բակեր մաքրելով չնչին գումար եմ վաստակում»,-պատմեց Մարգարիտան` այդուհանդերձ ընդգծելով, որ իրեն անհանգստացնող առաջնային խնդիրը սոցիալական չէ: Պարզվեց, որ փոքրիկ Կարենը տառապում է երկկողմանի երիկամային հիդրոմեֆիոզով, երկու անգամ վիրահատվել է, սակայն չկա երաշխիք, որ հետագայում տղան ձախ երիկամից չի զրկվի: Կարենը մշտական հսկողության եւ լավ սնվելու կարիք ունի: Նա ոչ միայն դպրոցում է լավ սովորում, այլեւ հաճախում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին:
Ի դեպ, նա մեզ համար անվարժ կատարեց Տիգրան Մանսուրյանի սքանչելի գործերից (լուսանկարվել չցանկացավ): Միայն թե մայրն ասաց, որ վարձավճարի պատճառով Կարենը պատրաստվում է լքել երաժշտական դպրոցը:
Կարենի փոքրիկ երազանքն ի սկզբանե պարզեցինք. թղթապանակ-պայուսակ, հետո էլ երաժշտական նոր ու հետաքրքիր գործիքներ եւ հեծանիվ: Երբ մեզ հետ զրույցում նա անկեղծ պատմում էր իր երազանքների մասին, մայրն ընդհատեց՝ ասելով, որ այդ ամենը հարուստների համար է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ կարծիք ունեն ԱԺ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ գյուղերի մասին» օրինագծի տապալման վերաբերյալ:
Օգոստոսին ադրբեջանական գնդակոծություններից ամենից շատ տուժած Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց, որ ինքն անտեղյակ է սահմանամերձ գյուղերի բնակիչների համար հարկային եւ այլ զեղչեր սահմանող օրինագծի՝ ԱԺ քառօրյայի օրակարգ չմտնելուց: Նա օրինագծին «կողմ» չարտահայտված պատգամավորների վերաբերյալ ասաց. «Պետք է մի քանի «ԴՇԿ» էլ իրե՞նց տների վրա կրակի, որ մեր վիճակը հասկանան»: Նշեց նաեւ, որ դեռեւս լուծված չէ բուհերում սովորող այգեպարցի 3 ուսանողների ուսման վարձերը պետական միջոցներով հոգալու հարցը:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը եւս տեղյակ չէր սահմանապահ գյուղերի մասին օրինագծի ճակատագրից: Նրա վկայությամբ` մովսեսցի 32 ուսանող կա, որոնց մեծ մասը բուհերում է սովորում: Նա ասաց, որ ուսանողների ցուցակն իրենք տվել են, սակայն տեղյակ չէր՝ կառավարությունը հոգացե՞լ է նրանց ուսման վարձը, թե՞ ոչ: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ վարչապետ Հ. Աբրահամյանը խոստացել է հոգալ չինարեցի ուսանողների ուսման վարձը: Գյուղապետը տեղեկացրեց, որ բուհերում սովորող 23 ուսանողների ցանկը իրենք երկրորդ անգամ են ներկայացրել: Նա եւս տեղյակ չէր՝ նրանց ուսման վարձը հոգացել են, թե ոչ: Սաղոյանի խոսքով՝ բուհերի ղեկավարությունը ուսման վարձերը վճարելու համար ուսանողներին վերջնաժամկետ էր տվել մինչեւ սեպտեմբերի 15-ը, արդյունքում ուսանողների մեծ մասը մի կերպ հոգացել է ուսման վճարը: Ս. Սաղոյանը եւս տեղյակ չէր, որ Ն. Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծը խորհրդարանի հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել:

 

 

«ՀԶՈՐ ՌԵՆՋԵՐՆԵՐ»-Ն ԸՆԴԴԵՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ
Նոյեմբերյան քաղաքում «Շանթ» հ/ը հաղորդումները չեն հեռարձակվում: Ծրագրերին բնակիչները հետեւում են արբանյակային ալեհավաքներով: Դրանք բավականին տարածված են սահմանամերձ քաղաքում, ուր հեռուստատեսային աշտարակի միջոցով ընդամենը մի քանի ալիք է հեռարձակվում: Նոյեմբերյան քաղաքից մի ծնող «Ժողովուրդ»-ի թղթակցին դժգոհեց, որ «Շանթ»-ի՝ «Հզոր ռենջերներ» մարտական սերիալը վատ ազդեցություն է թողնում մանուկների վրա։ Նրա 10-ամյա որդին ֆիլմի մարտական հնարքների ազդեցության ներքո փորձել է կրկնօրինակել դրանցից մեկը: Դրա հետեւանքով երեխան գլխի պատռվածք է ստացել, Նոյեմբերյանի ԲԿ-ում տղայի գլխին 7 կար են դրել: Փոքրիկի ծնողը հայտնեց, որ բռնության բազում տեսարաններ պարունակող այդ ֆիլմի՝ երեխաների վրա վնասակար ազդեցությունից Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում եւս վատ հետեւանքներ են եղել. գյուղերից մեկում մի երեխա ցատկել է երկրորդ հարկից՝ ցավեցնելով ոտքը, մեկ այլ գյուղում էլ` եղբայրը ֆիլմի հնարքներով ծեծի է ենթարկել հարազատ եղբորը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս