ԲՀԿ-Ի ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանին ամենեւին էլ հարկավոր չէ Շահ Աբաս արքայի նման ծպտված մտնել ժողովրդի մեջ, հարցուփորձ անել՝ իշխանության մասին մարդկանց կարծիքն իմանալու համար: Առանց ծպտվելու էլ նա գրեթե ամեն օր իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է հասարակության սպասվածից սառը վերաբերմունքի:
Ավելին, ՀՀԿ առաջնորդի այցերի ժամանակ վերջին շրջանում կարծես թե ավանդույթ են դարձել ամենատարբեր միջադեպերը: Այս իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ. ռեժիմն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն չի կատարել տված խոստումները, այլեւ լուրջ ձախողումներ է գրանցել բոլոր բնագավառներում: Ու հիմա հասարակությունն առաջին իսկ առիթով իր դժգոհությունն է արտահայտում, մանավանդ որ նախընտրական հանդիպումներին նրանց տանում են ստիպողաբար:
Մամուլն արդեն առիթ ունեցել է անդրադառնալու Մարտունիում ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ կատարվածին, երբ Սերժ Սարգսյանի հանդիպմանը բերման ենթարկված դպրոցականները նրան դիմավորել էին «Լեւո՛ն, նախագա՛հ» վանկարկումներով: Իհարկե, դրանից հետո Մարտունու քաղաքապետը կեսժամանոց «տոկեր է ընդունել» Սարգսյանի կողմից: Բայց հաջորդը Սպիտակ քաղաքում տեղի ունեցածն էր. նրա վրա նույնիսկ հող էին շպրտել՝ բողոքելով, որ իշխանություններն այսքան տարի չեն լուծում աղետի գոտու բնակարանների խնդիրը: Կիրակի օրը Գյումրիում կայացած հանդիպումը եւս բավական սառն է անցել. ականատեսների պատմելով՝ նույնիսկ ծափահարությունների հարցում գյումրեցիները բավական ժլատ են գտնվել: Ս. Սարգսյանի հանդեպ նման վերաբերմունքը թերեւս պատահական չէ. Գյումրիում, բացի պետական հիմնարկության աշխատակիցներից, այդ հանդիպմանը ստիպողաբար բերել էին նաեւ հարակից գյուղերի բնակիչներին, հիմնականում բարձր դասարանի դպրոցականների: Ընդ որում, Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին նման մեթոդներով մարդիկ են ապահովում բոլոր մարզերում անխտիր:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը տագնապած է կատարվածից. սակայն նրան մտահոգել է ոչ թե ժողովրդի կողմից սառը ընդունելության արժանանալու հանգամանքը, այլ որ համապատասխան մարմինները հասարակական տրամադրությունների վերաբերյալ իրեն պարզապես սխալ տեղեկատվություն են մատակարարում: Ըստ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանին պարբերաբար տեղեկություններ են ներկայացրել, թե իբր երկրում իրավիճակը կայուն է, հատկապես մարզերում ՀՀԿ-ն մեծ մասսայականություն է վայելում, ու եթե ինքն անձամբ գլխավորի համամասնական ընտրացուցակն ու միայնակ անցկացնի քարոզարշավը, ապա ոչ միայն առավելագույնս կկարողանա մոբիլիզացնել ռեսուրսները, այլեւ այդ քայլը հասարակության մոտ դրական ազդեցություն կունենա: Նրան նաեւ համոզել են, որ եթե հասարակական որոշակի դժգոհություններ կան, ապա դրանց պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ ժողովուրդը, միեւնույն է, «բողոքավոր է» եւ անգամ լավ նախաձեռնությունը չի ողջունում:
Այս թեման կրկին քննարկման առարկա է դարձել հանգստյան օրերին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը մերձավոր շրջապատի հետ խորհրդակցության ժամանակ բարձրացրել է այդ հարցը, դժգոհել, որ իրեն այլ ինֆորմացիա են տալիս: Նա նույնիսկ համեմատական եզրեր է անցկացրել կոալիցիոն գործընկերոջ՝ ԲՀԿ հանրահավաքների հետ, որտեղ ակնհայտ է հասարակության ջերմ վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Մեր աղբյուրների պատմելով՝ Ս. Սարգսյանն ասել է, որ միասնական շտաբում համախմբված ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, նպատակաուղղված աշխատում են Հանրապետականի դեմ: Սակայն իրենց համար հիմնական վտանգը ոչ այնքան ընդդիմադիր ուժերն են, որքան կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, որը, ի տարբերություն ընդդիմության, տիրապետում է ոչ միայն ֆինանսական, այլեւ վարչական ռեսուրսների: Նա հրահանգել է դիմել վիրահատական միջամտությունների՝ ԲՀԿ-ի ընթացքը կասեցնելու համար: Չի բացառվում, որ վիրահատական նշտարը գործի դնեն հենց ընտրությունների նախօրեին ու քվեարկության օրը, որպեսզի ԲՀԿ-ն չհասցնի որեւէ բան անել: Ու ԲՀԿ շտաբներում արդեն զգում են, որ իրենց շուրջ օղակը սեղմվում է:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը՝ ասելով, որ ինքը Ս. Սարգսյանին 2 անգամ ուղեկցել է մարզային այցելությունների ժամանակ ու «շատ բարձր մակարդակով, շատ տաք, շատ ջերմ հանդիպումների ենք արժանացել»: Շարմազանովի խոսքերով՝ հասարակական տրամադրությունների մասին տեղեկատվություն իրենք ստանում են ուղիղ հանդիպումների ժամանակ, գրասենյակների միջոցով, իսկ այդ ինֆորմացիան խոսում է իրենց կուսակցության բարձր վարկանիշի մասին:
Հասկանալի է, որ հատկապես նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ականներից այլ պատասխան չէինք էլ ակնկալում. հո նրանք չէի՞ն խոստովանի, որ հասարակությունն այդ քաղաքական ուժին ոչ միայն չի հավատում, այլեւ պարզապես սկսել է ատել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս