«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՏՈՒՀԱՍ Է
Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ լարված իրավիճակ էր: Երեւանի մի քանի տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել եւ եկել ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ բողոքի ակցիայի: Պատճառը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքն է, որն էլ առաջացրել է առեւտրականների դժգոհությունը: Բողոքի ակցիային մասնակցում էին «Ռոսիա», «Ֆիրդուսի» տոնավաճառների, ինչպես նաեւ`«Երեւանի ոսկու շուկա»-ի առեւտրականները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի համաձայն՝ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ: Առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ կարող է տուգանվել 20 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Առեւտրականները նշում են, որ ամբողջ ապրանքը գույքագրելու համար իրենք պետք է մեծ ժամանակ ու ռեսուրսներ ծախսեն: Բացի այդ` խոշոր ընկերություններից գնում կատարելու դեպքում` ապրանքի վերաբերյալ փաստաթղթեր չեն ստանում, որ հետո կարողանան ներկայացնել հարկային մարմիններին:
Վաղ առավոտյան, երբ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին առեւտրականները, նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պահանջեց իր մոտ ուղարկել 20 հոգանոց պատվիրակություն՝ քննարկելու առեւտրականներին հուզող խնդիրը: Բողոքող առեւտրականների ներկայացուցիչները բարձրացան վարչապետի մոտ, սակայն երկու ժամից ավելի տեւած քննարկումներից հետո պարզվեց, որ առեւտրականները դժգոհ են մնացել:
ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո դժգոհ քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Նրանք բղավում էին. «Տոմս առեք, որ մենք էլ արտագաղթենք երկրից»: Արդյունքում քաշքշուկ սկսվեց առեւտրականների եւ ոստիկանների միջեւ: Այս ընդհարումը դժվարությամբ հարթվեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ջանքերով, ով քաղաքացիներին համոզեց դուրս գալ ճանապարհից:
Նկատենք, որ անկախությունից ի վեր ՀՀ-ում առեւտրով զբաղվող մարդկանց խավը համարվում էր քիչ թե շատ բարեկեցիկ, սակայն վերջին տարիներին առեւտրականների համար էլ է ամեն ինչ շատ դժվարացել. զգալիորեն անկում է ապրել ապրանքաշրջանառությունը, քանի որ ընկել է բնակչության լայն շերտերի գնողունակությունը, էլ չասած այն մասին, որ արտագաղթի հտեւանքով պարզապես կրճատվել է սպառողների թիվը: Արդյունքում առեւտրականները նախկին տարիների եկամուտն այլեւս չունեն: Այս ամենին գումարվում է նաեւ հարկային վարչարարության խստացումը, որը նորանոր խնդիրներ է առաջացնում:
Եվ ահա այս իրավիճակում կառավարությունը ՓՄՁ-ների հոգսը թեթեւացնելու փոխարեն հարկերն է ավելացնում, որպեսզի բյուջետային մուտքերն ապահովի: Եվ հարվածում է նրանց գրպանին, ովքեր այս պայմաններում գոնե ինչ- որ չափով եկամուտ ունեն: Ի դեպ, այնպես չէ, որ վերջիններս չեն գործում հարկային դաշտում, հակառակը: Սակայն չափից ավելի ծանրացող հարկային բեռն այլեւս անտանելի է դառնում հատկապես փոքր բիզնեսի համար: Իսկ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցները չեն հրաժարվում հարկային պարտավորությունները կատարելուց, նրանք առաջարկում են գտնել ավելի խելամիտ տարբերակներ:
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ կառավարության շենքի առջեւ` միանգամայն սպասելի էր, եւ, ըստ ամենայնի, դա նմանատիպ ակցիաների միայն սկիզբն էր: Ամեն գնով բյուջետային մուտքեր ապահովելու մոլուցքը կառավարությանը մղել է բոլոր հնարավոր եւ անհնար եղանակներով հարկային ճնշումը մեծացնելուն: Եվ, բնականաբար, դա երկար ժամանակ չի կարող շարունակվել, ի վերջո հանրային համբերության ռեսուրսը սպառվելու է եւ այդ ժամանակ կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ: Ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը նման հեռանկարը կանխելու ուղղությամբ: Մեր այս հարցին ի պատասխան ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց. «Իրենք պետք է հիմնավորեն թե՛ դրույքաչափի իջեցումը, թե՛ նաեւ այն, թե փաստաթղթաշրջանառության ինչ խնդիրներ կան եւ իրենք ինչ առաջարկներ ունեն: Մասնակիցները ցանկանում էին, որպեսզի այդ նույն գործողություններն իրենց վրա չտարածվեն: Մենք էլ ասացինք, որ դա օրենք է, դա հնարավոր չէ»: «Ժողովուրդ»-ի հարցին` այնուամենայնիվ, հնարավո՞ր է ՀՀ կառավարությունը փոխզիջման գնա, Ալավերդյանը պատասխանեց. «Կա օրենք, այն վաղուց է ընդունվել եւ մարդկանց 3.5 տոկոսի դրույքաչափը իջել է մեկ տոկոս: Մենք ուզում ենք հասկանալ արդյոք այս օրենքները մի խումբ մարդկանց համա՞ր են, թե՞ 55 հազարից ավելի շրջանառության հարկ վճարողների համար: Եթե մենք ասում ենք, որ տոնավաճառներում, առեւտրի կազմակերպման բոլոր վայրերում փաստաթղթերի կարիք չկա, դա նույնն է, ինչ որ, ասես, տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության կարիք չկա: Մենք պետք է հասկանանք, թե իրենք ինչ են ուզում»:
Այդուամենայնիվ` նա նաեւ վստահեցրեց. «Իրենց հաշվին բյուջե չենք համալրելու, երբեք, այդ նպատակը չի եղել»:
Ի դեպ, հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նշանակման սկզբնական փուլում հանդես էր գալիս փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու բազմաթիվ խոստումներով: «Փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ եւ բարենպաստ հարկային դաշտ: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, ով իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որեւէ կառույցից որեւէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաեւ իմ կողմից»: Այս խոստումները տվող վարչապետը, սակայն, երեկ քաղաքացիների կողքին չկանգնեց:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ