ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵ՞Լ, ԹԵ՞ ՉԵՆ ԱՍՈՒՄ

Ինչպես երեկ տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը` Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում կենդանիների որսի դուրս եկած մի խումբ որսորդներ նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել: Լիճք համայնքի ղեկավար Հովհաննես Միրզոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը: Եվ ահա այս միջադեպից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 23-ին էլ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հետ` պարզելու, թե որն էր նման դռնփակ նիստ հրավիրելու առիթը:
-Պարոն Նահապետյան, սեպտեմբերի 23-ին Ձեր ղեկավարած հանձնաժողովը դռնփակ նիստ է անցկացրել: Որեւէ հրատապ, վտանգավոր հարց կա՞ր, որը քննարկելու համար էլ հրավիրել էիք այդ դռնփակ նիստը:
-Մի՛ զարմացեք, որ դռնփակ նիստ ենք ունեցել, որեւէ արտառոց եւ հրատապ բան տեղի չի ունեցել, մեր աշխատանքը բնականոն հունի մեջ է մտնում: Նիստի ընթացքում քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության` սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի արդյունքները եւ ամփոփել դրանք:
-Դռնփակ նիստի ընթացքում անդրադարձե՞լ եք Լիճք համայնքում տեղի ունեցած միջադեպին: Համայնքի ղեկավարը հաստատե՞լ է, որ հակառակորդն իր դիրքերն առաջ է բերել եւ նոր խրամատներ փորել:
-Ոչ, չենք անդրադարձել այդ թեմային, բացի դրանից, ՊՆ-ն հերքել է այդ ինֆորմացիան, հետեւաբար այդ մասին առհասարակ պետք չէ խոսել:

Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարոն Մարուքյան, հանձնաժողովի դռնփակ նիստի ժամանակ ի՞նչ հարցերի եք անդրադարձել: Որեւէ հրատապ թեմա արծարծվե՞լ է, որի մասին նպատակահարմար չեք համարել հրապարակային խոսել:
-Անհանգստանալու առիթ չկա, ինչպես ասացիք` նիստը դռնփակ է եղել, եւ շատ բան ասել չեմ կարող: Մեր աշխատանքային առօրյայում դա նորմալ է, այսինքն՝ մենք մշտապես կարող ենք այդպիսի նիստեր ունենալ: Պարտադիր չէ որեւէ հրատապ, վտանգավոր իրավիճակ ստեղծվի, որպեսզի նման նիստեր տեղի ունենան:
-Խնդրում եմ նշեք, արդյոք Լիճք համայնքում տեղի ունեցած միջադեպին անդրադարձ կատարե՞լ եք:
-Այդ մասին չենք խոսել, չենք անդրադարձել այդ թեմային: Բացի դրանից էլ, պետք է ասեմ, որ այդ հարցն այնքան էլ հրատապ չէ: Մեկ մետր իրենք են առաջ գալիս, տասը մետր էլ մենք ենք գնում, դա այնքան հրատապ հարց չէ այս պահի դրությամբ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադեւոսյանի` Կոմանդոսի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ:
-Պարոն Տեր-Թադեւոսյան, Լիճք համայնքում ադրբեջանցիների կողմից դիրքերն առաջ բերելու մասին տեղեկատվությունը ՀՀ ռազմական գերատեսչությունը հերքում է, այն դեպքում, երբ այդ համայնքի ղեկավարը հաստատել է այդ փաստը: Ըստ Ձեզ` անհանգստանալու պատճառ չունե՞նք:
-Իսկապե՞ս: Տեղյակ չեմ, որ նման բան է եղել: Եթե որեւէ վտանգավոր բան լիներ, իմ կարծիքով՝ ես տեղյակ կլինեի: Եթե ես էլ ինչ-որ պատճառով տեղյակ չլինեի, իմ մարտական ընկերներն անպայման տեղյակ կպահեին: Բայց պետք է ասեմ, որ մենք բազմիցս ենք համոզվել, որ մեզ վտանգ չի սպառնում միայն այն դեպքում, երբ մեր զգոնությունն ամենաբարձր մակարդակի վրա է: Չգիտեմ, ես այդ մասին որեւէ անհանգստացնող ինֆորմացիա չունեմ:

-Պարոն Հարությունյան, Սյունիքի մարզի Լիճք համայնքում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել, դա հաստատել է նույն համայնքի ղեկավարը: Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը: Դա մտահոգիչ չեք համարո՞ւմ:
-Տեղյակ չէի, որ նման բան է եղել, բայց երեւի թե լուրջ բան չկա, այլապես համապատասխան արձագանք կլիներ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ԵՌՅԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՄԻԱՅՆ «ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ» ԵՆ

Այսօր՝ ժամը 17.00-ին, Աբովյանի քաղաքապետարանի հարակից տարածքում ԱԺ ոչ իշխանական 3 ուժերը հանրահավաք են հրավիրել: Սակայն երեկ մինչեւ օրվա ավարտն այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ հանրահավաքին ովքե՞ր են մասնակցելու, արդյոք եռյակի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները ներկա՞ են լինելու, եւ, ի վերջո, ի՞նչ պահանջներ են հնչեցվելու այդ հանրահավաքում: Երեկվա դրությամբ եռյակը դեռեւս օրակարգ չուներ, չկար որեւէ հստակություն, թե ինչ ասելիքով են նրանք փողոց դուրս գալիս եւ արդյոք պահանջելո՞ւ են իշխանափոխություն, թե՞ ոչ:

Նշենք, որ նախօրեին ԱԺ ոչ իշխանական եռյակը նիստ էր հրավիրել, որից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, թե իրենք որոշել են եռյակի մարզային այցելությունների գրաֆիկը: Խմբակցության ղեկավարը, սակայն, որեւէ բան չէր ասել այն մասին, թե ովքեր են մասնակցելու մարզային հավաքներին եւ ովքեր՝ ելույթներ ունենալու:
Արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հավաքների ժամանակ ներկա գտնվելո՞ւ են, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը հայտնի չէ նաեւ այդ կուսակցությունների ներկայացուցիչներին: Անգամ հստակեցված չէ, թե հոկտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք եռյակի համապետական հանրահավաքին մասնակցելո՞ւ են երեք ուժերի առաջնորդները, թե՞ ոչ: Միայն տեղեկություններ կան, որ այդ օրը, հնարավոր է, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես գա ելույթով: Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ առայժմ քար լռություն է:
ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները եւս տեղյակ չեն, թե ինչ է սպասվում այդ հավաքների ժամանակ, նրանց համար անհայտ է նաեւ իրենց մասնակցության հարցը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), պատասխանելով armlur.am-ի հարցին՝ արդյոք պատրաստվում է մասնակցել Երեւանում կայանալիք հանրահավաքին կամ մարզային այցելություններին, նշել է. «Նմանատիպ հրավերքներ, սովորաբար, լինում են։ Եթե մենք նիստ ենք անում, որոշում ենք կայացնում: Եթե որոշում կայացվի, որ պատգամավորները պետք է գնան հանդիպումների, ապա կգնանք: Եթե որոշում կայացվի, կմասնակցեմ»: ԱԺ ԲՀԿ խմբակցության մյուս անդամները եւս հայտարարել են, որ խմբակցությունում այդ հարցով որեւէ քննարկում չի եղել եւ իրենք տեղյակ չեն արդյոք պետք է մասնակցեն հանրահավաքներին, թե ոչ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Դեռեւս 2012թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, որը լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Տարբեր մակարդակի դժգոհություններ հնչեցին այս առիթով, սակայն որեւէ արձագանք ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր մարմիններից չեղավ:
Միայն երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, որը պատրաստվում է հանրահավաքային շարժում սկսել, ժողովրդահաճո մի հայտարարությամբ է հանդես եկել ու նշել. «Կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին, եւ պատրաստ է ստեղծել աշխատանքային խումբ՝ ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ համատեղ լուծումներ գտնելու համար»: «Վերջին օրերին առեւտրի ոլորտում աշխատող հազարավոր քաղաքացիներ իրենց արդարացի բողոքն են հայտնում ս.թ. հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր դրույթների վերաբերյալ: Հարկային բեռը 3.5 %-ից իջել է 1%-ի, սակայն տնտեսվարող սուբյեկտների՝ մասնավորապես առեւտրի ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչների համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր… ԲՀԿ-ն կողմ լինելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին: Ավելին՝ օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը, կբերի հազարավոր աշխատատեղերի փակման»,- ասված է ԲՀԿ հայտարարությունում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե ինչու նախկինում նույն ոգեւորությամբ եւ սրտացավությամբ ԲՀԿ-ն չէր արձագանքում կատարվածին: «Բազմիցս ԲՀԿ-ն հանդես է եկել այդ թեմայի շուրջ առաջարկներով եւ օրենսդրական նախաձեռնություններով, որոնց մի մասը մերժվել է, մի մասը տապալվել մեծամասնության քվեարկություններով»,-վստահեցրեց խոսնակը:

 

ՆԻՍՏ ՉԵՆ ԱՆԻ
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ տեղի չի ունենալու: Պատճառը Սերժ Սարգսյանի բացակայությունն է. նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե երբ է տեղի ունենալու ՀՀԿ-ի ԳՄ ավանդական նիստը: «Գործադիր մարմնի նիստը, որպես կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստ, հրավիրվում եւ վարում է կուսակցության նախագահը, իսկ քանի որ նախագահն այս պահին պաշտոնական այցով գտնվում է արտերկրում, ապա բնական է, որ այս շաբաթ նիստ չենք անելու: Հաջորդ շաբաթ արդեն նախագահը կորոշի, թե երբ ենք նիստն անելու»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

 

 




Լրահոս