ԻՆՉՈՒ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ. ԻՍԿ ԱՄՆ-Ն…
Սեպտեմբերի 21-ին Դեր Էզ Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ ISIS-ի գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչության գործողությունների մասին ամենատարբեր վերլուծություններ են արվում, որոնք դեռ շարունակում են նորանոր հարցեր առաջացնել: Բանն այն է, որ մինչ օրս ո՛չ «Իսլամական պետության» ահաբեկիչները լուսանկարներ չեն հրապարակել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վիճակում է գտնվում հայկական եկեղեցին, ո՛չ էլ նրանց ստվերային «կնքահայր» Թուրքիան է արձագանքում տեղի ունեցածին:
Փորձենք սեպտեմբերի 10-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականությունը թվարկելով հասկանալ, թե ինչը կարող էր դրդել ահաբեկիչներին Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու համար:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Միջին Արեւելքի Մարոնի, Հայ, Ասորի, Յոյն Կաթոլիկ եւ Ասորի Կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերի հետ հյուրընկալվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ բավականին կարեւոր հարցեր բարձրացրեց, որոնք, բնականաբար, չէին կարող դուր գալ ահաբեկիչներին եւ նրանց հովանավորներին: Հիշեցնենք, որ Արամ Ա-ն Օբամային ասել էր, որ Միջին Արեւելքի քրիստոնյաները եկվոր չեն, երկրորդ կարգի քաղաքացիներ չեն, այլ իրենց արմատներն ունեն Միջին Արեւելքի պատմության մեջ: Նա նաեւ ողջունել էր Օբամայի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է միացյալ ճիգերով կասեցնել ահաբեկչական շարժումները:
Դրանից հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ԱՄՆ-ում հանդիպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին:
Այնուհետեւ նա սեպտեմբերի 19-ին Հայաստանում մասնակցելով Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին, հայտարարեց, որ այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջով: «Չենք կրնար անտարբեր մնալ մեր ազգին բռնաբարուած իրաւունքներուն նկատմամբ. անտարբերութիւնը ազգային դաւաճանութիւն է: Հետեւաբար, կոչուած ենք 100-ամեակը բարձրագոյն աստիճանի պատասխանատուութեամբ նշելու ու զայն արժեւորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք կը թողուն ու նոր հունաւորում կու տան Հայ Դատի հետապնդման աշխատանքներուն: Անդրադառնալէ ետք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով անցնող տասնամեակներուն տարուած մեծապէս գնահատելի աշխատանքին, Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց թէ՝ «Ժամանակը հասած է որ Հայ Դատի աշխատանքները Հայոց Ցեղասպանութեան ճանաչումէն անդին փոխադրենք իրաւական դաշտ»,- դիմելով ներկաներին՝ ասել էր Արամ Ա-ն:
Խորհրդաժողովի վերջին՝ ՀՀ անկախության օրը տեղեկություն տարածվեց, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այսինքն՝ հենց ԱՄՆ-ից վերադարձած մեր կաթողիկոսը Թուրքիայից առարկայական պահանջների մասին հայտարարություն արեց, այդ երկիրը «գործի անցավ»՝ հասկացնելով, որ ՍԻՍ-ի նստավայրն ու կալվածքները պահանջելը կարող են վատ անդրադառնալ Հայաստանի վրա: Սա, բնականաբար, հասկանում են բոլորը, եւ պատահական չէր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ. «Հայաստանի անկախության օրը ISIS-ի գրոհայիններն ականապատել եւ պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից պլանավորված եւ իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով: Դա եւս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը կշարունակվի այնքան, քանի դեռ այն չի ճանաչվել եւ չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:
Թուրքիան մինչ օրս որեւէ հայտարարություն չի արել՝ ո՛չ դատապարտող, ո՛չ էլ խրախուսող: Նշանակում է, որ իսկապես նրանց մատը խառն է: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները դեռեւս բավարարվում են հրապարակային «ցավալու» սրտառուչ փորձերով: Մինչդեռ ահաբեկիչներն իրենց քայլերով առավել առարկայական բաներ են հասկացնում նույն ԱՄՆ-ին:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԾԵԾԵԼՈՎ ՍՊԱՆԵՑԻՆ
Երեկ հայտնի դարձավ, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում իր մահկանացուն կնքեց Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ (Գագիկ) Սարգսյանը: Նա սեպտեմբերի 20-ին հենց փողոցում դաժան ծեծի էր ենթարկվել եւ գլխի վրա ստացված հարվածները մահացու էին: Հիշեցնենք, որ Հրավարդին եւ նրա որդուն՝ Մանուկին, դաժան ծեծի էին ենթարկել Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Զոհրաբ Կարապետյանը եւ Հրանտ Շաբոյանը: Մանուկը լավ է: Ոստիկանները Հրանտ Շաբոյանին ձերբակալել են, իսկ մյուսները դեռ փախուստի մեջ են:
Ինչո՞ւ են մարդիկ այդչափ գազանացել Վարդենիսում: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը պատասխանեց. «Շատ անշնորհք բան են արել: Ցանկացածին մորթազերծ պետք է անել, ո՞նց կարելի է մարդուն ահաբեկել: Ցավալի է, իմացա, որ այդ մարդը մահացել է»:
ԴԺՎԱՐ ՀԱ՞ՐՑ
Երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին խնդրել է ներկայացնել հանրապետության մասշտաբով աշակերտների ընդհանուր թիվը: Փոխնախարարը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ այդ թվից. «Աշակերտների հաշվարկումը տարին երկու անգամ է կատարվում՝ սեպտեմբերին, մյուսը՝ ակադեմիական տարին վերջանալուց հետո»: Պատգամավորը վրդովվել է փոխնախարարի պատասխանից, քանի որ արդեն որերորդ անգամ է Ա. Մանուկյանը բարձրացնում է այդ հարցը, սակայն հստակ որեւէ պատասխան չի հնչում. «Ձեզ քնած տեղն էլ որ հարցնեն այդ թիվը, դուք պետք է իմանայիք»,-հայտարարել է Ա. Մանուկյանը:
Նրա տվյալներով՝ 1998-1999թթ. Հայաստանում աշակերտների թիվը կազմել է 602 000, իսկ 2013-2014 թթ՝ 370 000, այսինքն՝ շուրջ 230 000-ով պակաս:
ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից 2014 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում անցկացված ստուգումների համաձայն՝ «Արզնի» առողջարան» ՓԲԸ-ում խախտումներ են արձանագրվել: Այդ ընթացքում բացահայտված խախտումները վերացնելու համար դրանք ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ, որտեղ «Արզնի առողջարան» ՓԲԸ-ին տուգանել են ընդամենը 100 հազար դրամով: Հավելենք, որ օրինախախտ «Արզնին», «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատկանում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանին:
ԿՐԾԿԱԼԻՑ՝ ԳԻՇԵՐԱՆՈՑ
Պարզվում է՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ը չի կարողացել աճուրդի հանած 215.6 դրամ արժողությամբ կրծկալները վաճառել, դրա համար ստիպված է եղել գինն իջեցնել: Դրան զուգահեռ պետական այդ կառույցը կանացի գիշերանոցներ է բռնագրավել եւ հանել վաճառքի: Գիշերանոցներն ընդամենը 215.6 դրամ արժեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկվա դրությամբ գիշերանոցները նույնպես գնային առաջարկ չունեն: Աճուրդը կավարտվի 4 օրից:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ
Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել էր «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը՝ խլելով նրա հեռախոսն ու ձայնագրիչը: Դեպքի առիթով երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը հանձնարարել՝ մամուլի հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար աշխատանքներ իրականացնել:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԿՈՒՄ
Համաշխարհային բանկը 2014-ին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը հունիսին սպասվող 2.8%-ից նվազեցրել է մինչեւ 2.6%: 2015-2016թթ. համար եւս կանխատեսումը վերանայվել է դեպի նվազում՝ 3.4%-ից եւ 3.5%-ից մինչեւ 3.2% եւ 3.4% համապատասխանաբար: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի՝ չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցին:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաեւ Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ. մտքեր են փոխանակվել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ:
ՍՊԱՌՆԱՑԻՆ ԼՔԵԼ
azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով երեկ Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում: Դատավոր Նապոլեոն Օհանյանը նիստին ներկա լրագրողներին արգելել է տեսագրել նախկին մարզպետի տիկնոջը, թեեւ դատական նիստը բաց է եղել: Խաչատրյանի 20-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, դատարան չի ներկայացել:
Իսկ armlur.am-ը հաղորդեց, որ մի շարք երիտասարդներ հավաքվել էին դատարանի առջեւ, բղավում էին ու սպառնում, որ եթե Սուրեն Խաչատրյանը մարզպետ նշանակվի, իրենք կլքեն Սյունիքի մարզը: