ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՎԵՃԸ

Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր: Բանն այնտեղ է հասել, որ նրանք սկսել են զենքով սպառնալ միմյանց:

Դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ են հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը (լուսանկարում) կրակել էր Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վահագ Մխիթարյանի որդին՝ Ռաֆայելը, պատմել էր, որ Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տնօրեն, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանը որոշ մարդկանց հետ միավորվելով ամեն ինչ անում է իր գազալցակայանը խլելու համար: Սակայն այն ժամանակ Ռաֆայել Մխիթարյանը կոնկրետ անուններ չէր տվել, թե ովքեր են այդ «որոշ մարդիկ», ովքեր ամեն գնով ցանկանում են իր գազալցակայանը խլել:
Պարզվում է՝ կրակոցից մեկ տարի անց գազալցակայանի շուրջ շիկացած կրքերը չեն հանդարտվել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ Ապարանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանին. «Մինչ 2013թ. փետրվարի 5-ի հայտնի կրակոցը Ղուկաս անունով մի մարդ կար, ով ինձ ասաց, թե ուզում է ինձ հետ գազալցակայանի փայատեր լինել: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ Ղուկասը Ռազմիկ Պետրոսյանից պարտքով գումար է վերցրել, որ գազալցակայանի սեփականատերերից մեկը դառնա: Հետո Ղուկասն անհետացավ ու մինչ օրս չկա: Ռազմիկը եկավ, թե՝ ես ուզում եմ այս գազալցակայանը առնել, եւ սկսեց կամաց-կամաց մխրճվել իմ գազալցակայանի մեջ: Մինչեւ կհասկանայի, թե ինչ է կատարվում, մի օր Աշտարակի գազալցակայանի տեսուչները եկան ու պարտքի համար դադարեցրին գազի մատակարարումը: Ես ինչքան աղաղակեցի, որ՝ ախր պայմանավորվածություն ունեմ, որ կամաց-կամաց կմարեմ գազի պարտքը, հասկացա, որ մի բան այն չէ, ցանկանում են ինձ այնպիսի վիճակում թողնել, որ հրաժարվեմ գազալցակայանից: Ու այդպես խիստ զայրացած կրակեցի տեսուչների վրա ու հայտնվեցի ոստիկանությունում»:
Ըստ մեր զրուցակցի՝ մինչ ինքը զրկված է եղել ազատությունից, Ռազմիկ Պետրոսյանն այդ ընթացքում հասցրել է իր գործն անել. «Ես ընկա դատարանի դռները ու մի օր էլ իմացա, որ Ռազմիկը բանկի միջոցով մարել է իմ վարկը ու տիրացել իմ գույքին: Ինձ կարո՞ղ եք ասել, թե ոնց կարող է ինչ-որ մեկը տիրանալ մյուսի գույքին, եթե չկա սեփականատերերի ստորագրությունը, համաձայնությունը: Երկար ժամանակ է, ինչ այս վեճը գնում է: Ես իմ ճիշտը ապացուցելու գրեթե բոլոր ճանապարհները, հիմնավորումներն ու ապացույցները ունեմ, ուստի պատրաստվում եմ նամակով հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Ես կորցնելու եւ վախենալու բան չունեմ»:
Ավելին, Ռաֆայելի պատմելով՝ մի օր ինքը գնացել է գազալցակայան եւ տեսել է, թե երեք հոգի զինված, նստած են եղել գազալցակայանում. «Ասացի՝ էս ինչ եք անում, ինչ է կատարվում: Ասացին՝ հրամանատարն է ասել: Այսինքն՝ այս հարցը պետք է զենքով լուծվի՞, թող ասեին, իմանայինք»:
Ռաֆայելի խոսքով՝ այս օրերին ինքը փորձում է վստահելի գործընկերներ գտնել, որոնք իրենց պարտքը կմարեն եւ ինքը կկարողանա հետ վերադարձնել իր գազալցակայանը: Սակայն Ռազմիկ Պետրոսյանի որդին ամեն կերպ խոչընդոտներ է հարուցում: «Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարում է, թե օրենքի երկիր է պետք կառուցել, բայց իրենք են օրենքը խախտում»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ազատամարտի նվիրյալներ» հկ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում իրականում: Ըստ ազատամարտիկի՝ ինքը որեւէ բան չունի ասելու, եւ եթե Ռաֆայելը դիմել է ՀՀ դատախազություն, ապա թող իրավապահները զբաղվեն եւ պարզեն, թե ինչ է կատարվում: «Ես քաղաքական դաշտում եմ եւ բնական է՝ ինչ-որ բաներ պետք է փորձեն անեն, թող անեն: Իրավապահ մարմինները թող աշխատեն: Եթե դիմել են իրավապահներին ու մենք էլ հանցագործություն ենք կատարել, ուրեմն պետք է պատժվենք, ինչի մասին է խոսքը»,-վստահ ասաց Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նկատենք, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության երկրորդ ներկայացուցիչն է Ռազմիկ Պետրոսյանը, ում փորձում են ներքաշել քրեական պատմության մեջ:
Օրեր առաջ էլ նույն կազմակերպության անդամ, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, կալանավորեցին մարդ առեւանգելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, ով 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը չի կատարում դատարանի վճռում շարադրված պահանջները:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին պատմեց, որ իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը լրացել է 2013թ. հուլիսի 28-ին. «Երեք անգամ «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մերժեց իմ վաղաժամկետ ազատ արձակումը եւ ես դիմեցի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանին խնդրեցի, որ հաշվի առնեն այն հանգամանքը, որ ես բավարարել եմ քրեական օրենսդրության բոլոր պահանջները եւ կարող եմ ազատ արձակվել: Դատարանը բավարարեց իմ բողոքը եւ վերացրեց մերժման որոշումը: Ավելին՝ պարտավորեցրեց «Կոշ» ՔԿՀ-ին ինձ պատժից վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին»:
«Կոշ» ՔԿՀ-ն կատարել է դատարանի որոշումը եւ դատապարտյալի մասով միջնորդություն է ներկայացրել անկախ հանժնաժողովին: Սակայն այս մարմինը անտեսել է այն. «Անկախ հանձնաժողովը գտավ, որ ես դեռ պատիժ կրելու կարիք ունեմ: Այնինչ, ըստ դատարանի, ես պատիժ կրելու կարիք չունեմ: Փաստորեն դատարանի որոշումն անկախ հանձնաժողովի անդամներն անտեսել են»:
Դատապարտյալ Ռուբենը մտադիր է անկախ հանձնաժողովի որոշումը բողոքարկել Արագածոտնի մարզի դատարանում: «Գործը դատավոր Սուրիկ Մնոյանի վարույթում է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ դատավորը հերթական դրական որոշումը կկայացնի եւ, ի վերջո, ես օրենքի շրջանակներում կազատվեմ պատժից»,-հույսով ասաց «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԼԹ

«Եթե ուզում եք իմանալ, իշխանության համար ավելի ընդունելի է վերարտադրվելու առումով խորհրդարանական համակարգը»:

Լեռնիկ Ալեքսանյան «Առավոտ»

Այսպիսի անկեղծություն ՀՀԿ-ական պատգամավորի կողմից երեւի թե ինքը՝ խոսքերի հեղինակն էլ չէր սպասում եւ պատահմամբ ստացվեց` լեզվի սայթաքում էր: Բայց լեզվի սայթաքումները ՀՀԿ-ականների մոտ բավականին հաճախ են նկատվում, իսկ կուսակցության ղեկավարը կարծես թե հանդուրժում է նման բաները: Միգուցե հենց իրե՞ն է ձեռնտու, որ նման մարդիկ լինեն իր կուսակցությունում եւ հաճախ լեզվով սայթաքեն` դրանով իսկ ժողովրդին փոխանցելով իր բուն ասելիքը: Այս անգամվա ասելիքն ավելի քան ուղիղ էր` խորհրդարանական համակարգին անցնելը իշխանությունների վերարտադրման նպատակ ունի:

 

 

«Ես որեւէ կապ չունեմ: Ավելին` միակ սեփականատերը պետությունն է: «Հայկական միրգը» պետական է»:

Դավիթ Սարգսյան 168.am

Մի կողմից՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարարը ճիշտ է` ինքը որեւէ կապ չունի ոչ միայն 2012թ. ՀՀ կառավարության կողմից ստեղծված «Հայկական միրգ» ընկերության, հետեւաբար եւ ՀՀ կառավարության, այլեւ, ընդհանրապես, քաղաքականության եւ նախարարի պաշտոնի հետ: Դրա փոխարեն նա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, ինչի համար էլ նախարարի աթոռին նստեց: Բայց մյուս կողմից էլ՝ հենց իր նախարար լինելու տարիներին գրանցվեց այդ ընկերությունը, որը վերջերս դարձավ «զիմբաբվեամետ» եւ բավականին շահութաբեր: Աֆրիկայից եկել՝ մեզ ծիրան աճեցնել էին սովորեցնում:

 

 
«Ովքեր որ ելույթ են ունենում, նրանք են մասնակցում… Կարող է եւ գնամ, էս պահին չեմ կարող ասել»:

Աբրահամ Մանուկյան Yerkir.am

Շատ տարօրինակ կլինի, եթե բիզնեսով զբաղվող ԲՀԿ-ական հարուստ պատգամավորը գնա Ազատության հրապարակում կանգնի եւ մասնակցի հանրահավաքին: Առավել տարօրինակ կլինի, եթե նա ելույթ ունենա, քանի որ դրա համար քաղաքականությունից էլ է պետք համապատասխան չափով հասկանալ: Բնականաբար, Աբրահամ Մանուկյանի մասնակցության հավանականությունը գրեթե զրոյական է, ինչը գալիս է իր առաջնորդի` ամենամեծ օլիգարխներից մեկի մասնակցության հավանականությունից: Իսկ «կարող է եւ»-ն էլ արդեն ամբողջությամբ ծառուկյանական ոճի մեջ է` «դեռ որոշում չենք ընդունել» շարքից:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս