ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ N ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի չէ` ապարանցի Սիմոնի ու քյավառցի Թորգոմի մանկությունն անասունների հետ սարերում է անցել, թե ավելի շատ ընտանիքի անդամների հետ` տանը, բայց քրեական գործից, որով նրանք անցնում են որպես ամբաստանյալներ, երեւում է, որ նրանց մոտ անասնական  հատկանիշներն ընդգծված են:  
Տուժող Վարդանի (անունը փոխված է) բախտը չի բերել, որ ծառայության է նշանակվել մի զորամասում, որտեղ եղել են շարքայիններ 19-ամյա Սիմոն Հ. Սարգսյանն ու Թորգոմ Ս. Ներսիսյանը: Սրանց կրքերն այնքան բորբոքված են եղել, զորամասի պատասխանատուների հսկողությունն էլ՝ այնքան թույլ, որ հանդգնել են օրը ցերեկով զորամասի տարածքում բավարարել իրենց սեռական ցանկությունները` ժամկետային ծառայող Վարդանի նկատմամբ բռնություն գործադրելով: Սակայն դատարանում չեն ընդունել իրենց մեղքը` պատճառաբանելով, որ ինչ եղել է` Վարդանի ցանկությամբ ու առաջարկությամբ է եղել:
Նախաքննության ժամանակ Սիմոնը այսպես է ներկայացրել պատմությունը:
2011թ. հուլիսի 4-ին՝ ժամը 17-ի սահմաններում, համածառայող շարքային Թորգոմ Ներսիսյանի հետ գտնվելով իրենց զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտակա տարածքում, հանկարծ իմացել է, որ Վարդանը համածառայողների շրջանում իրեն արատավորող տեղեկություններ է տարածել. ասել է, թե իբր Սիմոնը օրալ եղանակով սեքսուալ պահանջ բավարարող է: Այդ պատճառով իրենց մոտ են կանչել Վարդանին, եւ ինքը` Սիմոնը, հարցրել է նրան, թե նա օրալ եղանակով «կհանգստացնի» իրեն ու Թորգոմին: Վարդանը հրաժարվել է, ինչից հետո ինքը հանել է իր զինվորական գոտին, երեք անգամ հարվածել Վարդանի գլխի հատվածին ու միանգամից հերթականության մասին հարցրել, թե առաջինը ում սեքսուալ ցանկությունն է բավարարելու` իր, թե Թորգոմի: Վարդանն էլ պատասխանել է, որ առաջինը Թորգոմից կսկսի: Դրանից հետո իրենք առանձնացել են, եւ Վարդանն օրալ եղանակով սկզբում բավարարել է Թորգոմին, ապա իրեն` Սիմոնին: Վերջինս նշել է, որ Վարդանին ծեծել է ոչ թե իրեն սեռական բավարարվածություն պատճառելու, այլ իր վերաբերյալ համածառայողների շրջանում սուտ տեղեկություններ տարածելու համար:
Իսկ արդեն դատարանում Սիմոնը հայտնել է, որ մեկ անգամ է խփել Վարդանին` իրեն զրպարտելու համար, բայց ոչ թե ինքն է նրան կանչել, այլ Վարդանն է մոտեցել իրենց ու լարված հարաբերությունները հարթելու նպատակով առաջարկել է բավարարել իրենց երկուսի սեքսուալ կարիքները, իրենք էլ չեն հրաժարվել:
Նախաքննության ժամանակ ամբաստանյալ Թորգոմ Ներսիսյանը եւս Սիմոնի նախաքննական ցուցմունքին «համահունչ» ցուցմունք է տվել, խոստովանել արածը, սակայն դատաքննության ժամանակ ձեւափոխություններ է արել. նշել է, որ տնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Սիմոնը հարցրել է Վարդանին, թե վերջինս ինչու է իրեն չորստառանոց անվանարկող անուն կպցրել, Վարդանն էլ պատասխանել է, որ Մարտունու N զորամասում ծառայելու ժամանակ ինքն անձամբ է տեսել նրան մեկ այլ զինծառայողի հետ այդ գործողությունը կատարելիս: Այդ ժամանակ Սիմոնը մի անգամ է խփել Վարդանին, ինքը մոտեցել է ու չի թողել: Հետո Սիմոնն առաջարկել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ` օրալ եղանակով, Վարդանն էլ համաձայնել է: Ինքը Վարդանին չի ստիպել, չի սպառնացել, Վարդանն էլ չի փորձել դիմադրել, օգնություն չի կանչել, ամեն ինչ նրա ցանկությամբ է կատարվել: Այդպես դատարանում պնդել է Թորգոմը:  
Իսկ տուժող Վարդանը դատարանում պատմել է, որ սկզբում այլ զորամասում է ծառայել` Մարտունիում, հետո տեղափոխվել է այդ չարաբաստիկ համածառայակիցների մոտ: Իսկ դեպքի օրը Սիմոնի ու Թորգոմի հետ հերթապահության է եղել զորամասի հսկիչ-անցագրային կետում: Այդ ժամանակ Ս. Սարգսյանն ու Թ. Ներսիսյանն իրեն կանչել են հսկիչ անցագրային կետից մոտ 10 մետր հեռավորության վրա գտնվող թթենու ծառի տակ, ու Սիմոնն իրեն ասել է, որ իրենց երկուսին էլ պետք է բավարարի` որպես զրպարտություն տարածելու փոխհատուցում: Ինքը չի համաձայնել, սակայն Սիմոնն Վարդանին ասել է, որ ծանոթ սպա ունի, ու եթե իրեն սպանեն էլ, ոչ մեկն իրենց ոչինչ չի կարող անել: Քանի որ ինքը չի համաձայնել կատարել նրանց պահանջը, Սիմոնն ու Թորգոմը սկսել են իրեն զինվորական գոտիներով ծեծել, եւ ինքը վախենալով ի վերջո համաձայնել է բավարարել նրանց սեքսուալ կարիքները: Դեպքից հետո Սիմոնն իրեն զգուշացրել է, որ կատարվածի մասին ոչ մեկին չպատմի, սակայն ինքը` Վարդանը, վախենալով, որ իրեն հետագայում եւս կստիպեն կատարել նշված գործողությունները, այդ մասին հայտնել է իր ջոկի հրամանատարին: Հանցագործությունն այդպես բացահայտվել է:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Սիմոնին ու Թորգոմին մեղավոր է ճանաչել սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների կանոնագրքային կանոնները խախտելու համար եւ դատապարտել 7-ական տարվա ազատազրկման: Ամբաստանյալները դա խիստ պատիժ են համարել եւ բողոքարկել  վճիռը` պահանջելով նշված հոդվածներով նախատեսված նվազագույն պատիժ:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս