ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում
Բացի այն, որ խանութի սեփականատերերն ամեն ինչ արել են, որպեսզի զեղչային համակարգի միջոցով քաղաքացիներին խանութ «կանչեն», նաեւ «հոգացել» են նրանց առողջության մասին: Խանութի սեփականատերերը ՀՀ քաղաքացիներին հորդորում են բարձրանալ իրենց խանութի երկրորդ հարկ, քանի որ աստիճան «բարձրանալը» առողջարար է՝ այս կերպ լուծելով նաեւ իրենց առեւտրի հարցը:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, արդյոք օտարերկրացիները կարո՞ղ են որդեգրել հայ երեխաներին եւ ինչպե՞ս: Հետաքրքիր է նաեւ իմանալ, ամեն տարի օտարերկրացիների կողմից Հայաստանից քանի՞ երեխա է որդեգրվում:
Անահիտ Մկրտչյան (47 տարեկան, կենսաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ (որոշումը կցվում է):
Ինչ վերաբերում է օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման քանակին, ապա հայտնում ենք, որ 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից որդեգրվել է 43, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 16 երեխա:
ՔԿԱԳ գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնդիրն այն է, որ այս նրբագույն ոլորտն անգամ, կարծես թե, զերծ չի մնացել Հայաստանում համակարգային բնույթ կրող կոռուպցիայից: Մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների համաձայն՝ կառավարության կողմից կարգավորվող որդեգրման գործընթացը ներառում է հազարավոր դոլարների հասնող ոչ պաշտոնական ծախսեր, պարզ ասած՝ կաշառքներ, որոնք որդեգրող ծնողները տալիս են միջնորդներին:
ՀԱՐՑ. Համատիրության անդամ ենք: Դճգոհ լինելով մատուցվող ծառայություններից՝ ցանկանում ենք դուրս գալ համատիրությունից: Ո՞ւմ դիմել եւ ի՞նչ է պետք դրա համար:
Ռիտա Կարապետյան (41 տարեկան, կենսաֆիզիկոս, Սայաթ-Նովա 18)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սայաթ-Նովա պողոտա 18 թիվ շենքի սեփականատերերը իրենց շենքի կառավարման մարմին են ընտրել «Կենտրոն» համատիրությունը, իսկ համատիրության կազմից դուրս գալը իրականացվում է համաձայն համատիրությունների մասին ՀՀ օրենքի:
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
7.1. Համատիրության անդամի անդամությունը դադարում է՝
7.1.1. նրա դիմումի համաձայն,
7-1.2. համատիրության անդամ ֆիզիկական անձի մահվամբ կամ իրավաբանական անձի լուծարմամբ,
7.1.3. եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա համատիրության անդամ ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
7.1.4. համատիրության անդամի՝ համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարմամբ,
7.2. Համատիրության անդամությունից դուրս գալու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին տալիս է գրավոր դիմում:
շարունակելի…
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեզ դիմած քաղաքացիների բարձրացրած հարցերի գրեթե կեսը կապված էր համատիրությունների թերի աշխատանքի հետ: Նաեւ այս մեծաքանակ ահազանգերը ցույց են տալիս, որ Հայաստանում համատիրությունների ինստիտուտը, մեղմ ասած, չկայացած է: Ինչ վերաբերում է կոնկրետ ներկայացված հարցին, ապա մի համատիրությունից դուրս գալով եւ մեկ այլ համատիրության անդամագրվելով, դժվար թե բնակիչների խնդիրները լուծվեն: Պետք է համակարգված մի մեխանիզմ մշակել եւ կամ, ի վերջո, լուծել այս խնդիրը կամ էլ լուծարել այդ կազմակերպությունները: