Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն արդեն 2015թ.-ի հունվարի 2-ից, հայտնել է տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Աննա Սիսոևան, տեղեկացնում է РИА Новости-ն: Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015թ.-ի հունվարի 1-ից: Ռուսաստանի Պետդուման վավերացրել է պայմանագիրը սեպտեմբերի 26-ին:
«Պայմանագրի վավերացումն իրականացվում է զուգահեռ, բայց չի ստացվում այնպես, որ այն իրականացվի մեկ օրում: Ղազախստանում պայմանագիրը կվավերացվի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսում՝ հոկտեմբերի 7-ին: Ընդհանուր առմամբ մենք հույս ունենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները հավաքվեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կնախապատրաստենք, որ բոլոր երկրներն ավարտել են վավերացման գործընթացը և այդպիսով պատրաստ են 2015թ.-ի հունվարին պայմանագրի ուժի մեջ մտնելուն»,-հավելել է պաշտոնյան:
Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման մասին՝ Սիսոևան նշել է, որ այս պահին Ղրղզստանը գտնվում է ճանապարհային քարտեզի իրականացման ճանապարհին, իսկ Հայաստանն այն արդեն կատարել է:
«Նախապատրաստված է միացման մասին պայմանագիր, և եթե ոչինչ չպատահի, հոկտեմբերի 10-ին կրկին Մինսկում այն կստորագրվի, ինչը նշանակում է, որ Հայաստանը 2015թ.-ի հունվարից կարող է դառնալ ԵՏՄ անդամ», -հայտարարել է նախարարության ներկայացուցիչը: