Ով է կարգազանց պատգամավորը. ԱԺ-ում թեժ քննարկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսի որակում Այսօր ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում իր հեղինակած փոփոխությունները ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Օրենքը ներկայացնելիս նա նշեց, որ այլ պատգամավորների փոխարեն քվեարկելը կամ գրանցվելը հանցագործություն է: 

Նա ցանկանում է օրենքում լրացում կատարել, որը նպատակ ունի առավել բաց և թափանցիկ դարձնել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող  կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված կարգապահական միջոցները:

«Բայց այսքանով չի սահմանափակվի: Օրինակ, նիստը վարողի կարգապահության մասով պետք է օրինագիծ ներկայացնեմ: Հատկապես Դուք եք չարաշահում և այս առումով ռեկորդ եք սահմանել, Դուք եք ամենաշատը ընդհատել և անջատել խոսափողը»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը՝ դիմելով նիստը վարող Էդուարդ Շարմազանովին: Ի պատասխան վերջինս նշեց.

«Ես դեմ չեմ, եթե պատգամավորը խախտում է օրենքը, պետք է պատժվի: Պարզապես մի խնդրանք՝ Ձեր կարծիքը մի ամրագրեք որպես օրենքի խախտում: Մենք պետք է պայքարենք օրինազանց պատգամավորների դեմ»: Հարցեր տալու ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ մի փոքր զանցանքի համար պատգամավորներին «հանցագործ» չպետք է կոչեն:

ՕԵԿ-ական պատգամավորը հիշեց կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գրանցված դեպքը, երբ երկու պատգամավոր հարբած էին, խանգարեցին նիստը, բայց դա անհետևանք մնաց: Անդրադառնալով օրինագծին՝  Է.Շարմազանովը նկատեց. «Առավել շատ աղմկողները ինչպես կարող են խոսել կարգապահության մասին»:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նույնպես բողոքեց «հանցագործություն» բնորոշման դեմ և հիշեցրեց, որ եղել է դեպք, երբ Զ.Փոստանջյանը քվեարկության քարտերն էր հավաքում, և  հարցրեց՝ դա կարգազանցությո՞ւն էր, թե՞ ոչ:  Փոստանջյանն ամեն կերպ խուսափողական պատասխան տվեց:




Լրահոս