«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանում: Հանկարծակի միջանցք է դուրս եկել պատառոտված շորերով երիտասարդ մի աղջիկ ու սկսել բղավել, որ պրոռեկտոր Սամվել Ավետիսյանն աշխատասենյակում իրեն բռնաբարել է: Ամբողջ ուսանողությունն այլայլված նայել է այս ու այն կողմ, սակայն չի կարողացել հասկանալ, թե ինչ է պատահել, քանի որ աղջիկը համալսարանից փախել է:
Համալսարանի ուսանողները շատ վախեցած են այդ դեպքից եւ չեն կարողանում հասկանալ, թե ով է այդ աղջիկը եւ ինչու է պատառոտված հագուստով եղել: Աղջկա հեռանալուց հետո համալսարանի աշխատակազմը սկսել է հանդարտեցնել ուսանողներին` հորդորելով գնալ իրենց դասերին:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանից, որը, լսելով մեր հարցը, սկսեց ծիծաղել: «Որտեղի՞ց են Ձեր տեղեկությունները, տենց բան ո՞նց կարա լինի, մենք պրոռեկտոր Սամվել Արծրունիչ ունենք, որը շատ կարգին ու չափավոր մարդ է»,-եզրափակեց Դումանյանը` կրկին հավաստիացնելով, որ նման դեպք չի եղել:
Սակայն երբ զրուցեցինք համալսարանի պրոռեկտոր Սամվել Արծրունիչի հետ, հասկացանք, որ իրականում այդ օրը նման դեպք տեղի է ունեցել: Պրոռեկտոր Ավետիսյանը եղելությունը ներկայացրեց հետեւյալ կերպ. «93 թվականի ուսանողուհի է, ավարտել է համալսարանը, հոգեկան հիվանդ է, շիզոֆրենիկ, որը նախ դեկանատին էր անհանգստացնում, որից հետո իմ աշխատողին էր անհանգստացնում, մի օր էլ ես նրան դուրս եմ հանել իմ աշխատասենյակից: Դուրս հանելուց հետո արդեն իմանալով, որ իմ մոտ չի կարող մտնել, ինձ եկան, զեկուցեցին, որ կանգնել գոռում է, որ Սամվել Արծրունիչն իրեն բռնաբարել է: Նա ուսանողուհի չէ, բժշկուհի է, որը շիզոֆրենիկ է: Չգիտեմ՝ նա աշխատում է, թե չէ, իրենց խմբին ես եմ դաս տվել, մանրամասներ չգիտեմ, անունն էլ անգամ չեմ հիշում, ինքը մոտ 35 տարեկան աղջիկ է: Ես չգիտեի անգամ, որ այդ աղջիկն այդպես խախտվել է, սկզբից մտածում էի՝ նորմալ վիճակում է, հետո իր աչքերից հասկացա: Մի անգամ էլ էր եկել, ինձ եկան, ասացին՝ մի արնակալած աչքերով աղջիկ է Ձեզ հարցնում: Ասաց, որ իրեն աշխատանքի չեն ընդունում, գժի տեղ են դրել, հետո էլի կորավ, հետո մոտ մեկ ամիս առաջ էլ էր եկել ինձ մոտ, ես անգամ ոստիկանի վրա ջղայնացա, որովհետեւ ինքը բավականին բույնի է լինում: Անգամ քարտուղարուհին էր վախեցել, որ նայում եք աչքերին` իսկապես պատրաստ է ամեն ինչ անելու»:
Մեր զրուցակիցը նշեց, որ օրերս էլ, երբ աղջիկն իրեն կրկին այցելել է, ինքն ասել է, որ արդեն իր բարի վերաբերմունքը սկսում է չարաշահել, եւ պահանջել է, որ հեռանա. «Իսկ արդեն հինգշաբթի օրը ես այդտեղ չեմ եղել, ինձ եկան, ասացին, որ այդ նույն աղջիկն էր եկել եւ գոռում էր, որ Սամվել Արծրունիչն իրեն բռնաբարել է, բայց ճղած շորերով չի եղել, անգամ մարդիկ զարմացել են ու ասել՝ ոնց կարա տենց բան լինի, եթե ինքը այդտեղ չի եղել»: Բուհի պրոռեկտորը հավելեց, որ ինքն անվտանգության աշխատակիցներին զգուշացնելու է, որ այդ աղջկան թույլ չտան իր մոտ բարձրանալ. «Իսկ եթե այսպիսի զարգացում գնա, ես ոստիկանություն կդիմեմ, նա արդեն իմ պատվի հետ է խաղում»:
ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ԲՌՆԱԲԱՐԵ՞Լ Է ԱՂՋԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ