Արծվիկ Մինասյանը կհամագործակցի կառավարության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ նախագիծը հեղինակել են Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հերմինե Նաղդալյանը:

«Միքայել Մելքումյանը տնտեսագիտության դոկտոր է, այդ պատճառով էլ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագծում ամփոփված են տնտեսագիտական ժամանակակից տարբեր մոտեցումներ: Միջազգային փորձերից լավագույններից մեկը՝ արդյունաբերական գոտիների ստեղծումը ևս առկա է նախագծում:

Նկատի ունենալով, որ Կառավարությունն, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, մի քանի լավ նախագծեր է կազմակերպում, այս նախագիծը համահունչ է գործընթացին: Սա բերելու է զարգացման հոյակապ հնարավորության, եթե ճիշտ իրագործենք: Շատ լավ է, որ կառավարությունն իր դրական վերաբերմունքն է ցույց տալիս նախագծին: Զուտ իրավական տեսանկյունից լիազորություն հասկացողությունն, իմ կարծիքով, ճիշտ է:

Իրավական զուտ տեխնիկայի առումով այս հոդվածները պետք է վերաշարադրվեն, որովհետև սա մայր օրենք է, լրացում չէ: Բարձր գնահատելով այս նախաձեռնությունը, հետագայում պատրաստ ենք ինքներս էլ համագործակցել թե՛ հեղինակի, թե՛ կառավարության հետ, միս ու արյուն տալով սրան իրական կյանքում»,- եզրափակեց Մինասյանը:




Լրահոս