Հովիկ Աբրահամյանը պնդել է, որ գան, ինձ խուզարկեն. Զ. Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 «Եթե մեկ երկու անգամ այս ամենին քրեական գնահատական տրվի, ապա պատգամավորի համար դա դաս կլինի ու իրեն հետագայում ավելի ճիշտ կպահի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Իսկ քվեարկության քարտերը հանիրավի հավաքելը հանցագործությո՞ւն է, թե՞ կարգազանցություն»,- հարցրեց Խոսրով Հարությունյանը: Փոստանջյանը նախ չպատասխանեց հարցին, ինչից հետո Էդուարդ Շարմազանովը խնդրեց Փոստանջյանին պատասխանել՝ քարտեր գողանալը կարգազանցություն է, թե՞ հանցագործություն:  

«Պարոն Շարմազանով, եթե իմ արածը լիներ քրեորեն պատժելի արարք, ապա Հովիկ Աբրահամյանը զանգելով իրավաբաններին, ստանալով խորհրդատվություն… նույնիսկ նա պնդել է, որ գան, փորձեն խուզարկել ինձ, եթե դա լիներ քրեորեն հետապնդելի արարք, ապա դուք բռնի ուժով կտանեիք այդ քարտերը: Եթե լիներ հանցակազմ, ապա ընթացք կտրվեր դրան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը կրկին հարցրեց, թե քարտերը ապօրինի վերցնելն ու կարգը խախտելը կարգազանցություն է, թե հանցագործություն: «Ես կարծում եմ, որ դա հանցագործություն է, որ առանց պատգամավորին հարցնելու վերցրել եք նրա քարտը, ինչ կապ ունի, ով ում է զանգել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:  

Փոստանջյանն էլ արձագանքեց. «Խորհուրդ կտամ համապատասխան հայտարարությամբ դիմեք իրավապահ մարմիններին, եթե այդպես եք կարծում»:  

Ավետիսյանն էլ հակադարձեց. «Դուք խորհուրդ ձեր տանը տվեք, դուք որպես իրավաբան պետք է ներողություն խնդրեիք այդ արարքի համար»:

«Ներողություն խնդրելու կարիքը չունեմ, եթե նման իրավիճակում լինի այս խորհրդարանը, ես նույն բանը կկրկնեմ, դուք պետք է ներողություն խնդրեք, որ ժողովուրդը այս վիճակում է, և որ ժողովրդի համար գազը թանկացրեցիք»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:




Լրահոս