Հիմա Ուկրաինայի պառլամենտի պատգամավորները պիտի բերդերո՞ւմ լինեին. Գ. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ողջունում է «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով և նշեց, որ օրենքի նախագծով` նիստը
վարողին հնարավորություն է տրվում ապահովել նիստերի բնականոն աշխատանքը:

«Իսկապես ողջունելի նախագիծ է, և ես կարծում եմ, որ այս օրենքի նախագիծը մեզ հնարավորություն կտա ապահովել նիստերի բնականոն աշխատանքը: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ առաջարկվող որոշ դրույթներ արդեն իսկ կան Ազգային
ժողովի կանոնակարգում», – ասաց Սահակյանը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ նիստ վարողը պետք է դիմի իրավապահ մարմիններին և հաղորդում ներկայացնի հանցագործության մասին՝  Սահակյանն ընդգծեց, որ Ազգային ժողովը չի կարող իր վրա իրավապահ կառույցի դեր վերցնել, քրեական պատիժներ սահմանել և այս կամ այն պատգամավորին հանցագործ համարել:

«Օրենքը զսպող նշանակություն ունի: Սկսեցինք արդեն պատգամավորներին հանցագործ դարձնել: Այսինքն՝ հիմա Ուկրաինայի պառլամենտի պատգամավորները պիտի բերդերո՞ւմ լինեին. Թումանյանի «Շունն ու կատու»-ի պես ինչ ասես չկատարվեց: Սա ընտանիք է՝ անկախ նրանից, որ տարբեր հայացքներ ունեն և քննարկումների ժամանակ պատգամավորները կարող են փոխադարձ խոսքեր ասել միմյանց»,- եզրափակեց ԱԺ նախագահը:




Լրահոս