Արդեն մի քանի օր է` «Ժողովուրդ» օրաթերթն անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի: Տրված հեռախոսահամարներին ու էլեկտրոնային հասցեին ակտիվորեն զանգահարում են ՀՀ քաղաքացիները ու հայտնում տարբեր ընտրախախտումների հետ կապված որոշ մանրամասներ: Շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին, «Ժողովուրդ»-ը [email protected] հասցեին ստացավ բջջային հեռախոսով արված մի տեսագրություն, որտեղ պարզ երեւում էր, թե ինչպես են Սերժ Սարգսյանի՝ Գյումրի կատարելիք այցի նախօրեին անձրեւի տակ ասֆալտապատում քաղաք մտնող ճանապարհները:
Տեսանյութն անմիջապես տեղադրվեց armlur.am կայքում եւ բավական բուռն արձագանքներ ստացավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Օգտատերերից մեկը, ամենայն հավանականությամբ իշխանական թեւից, տեղադրեց սույն տեսանյութի հղումը եւ որպես մեկնաբանություն գրեց. «Այ մարդ կարող է ասֆալտ անում էին հետո անձրեւ եկավ»: Այս գրառմանն արձագանքած օգտատերերից Սամ Զաքարյանը կատակով ավելացրեց. «Կամ էլ անձրեւ եկավ, որովհետեւ նա գալիս էր))»: Իսկ ահա լրագրող Գրիշա Բալասանյանը ավելացրեց. «Ծիծաղում ենք, բայց մեր փողերն են անձրեւին տալիս)»: Դավիթ Եղիազարյանն էլ անցավ կոչերի. «Դա կառավարության կեղտոտ խաղերն են, ո՛չ ավազակապետությանը, ո՛չ ասֆալտին, ո՛չ անձրեւին»:
Գյումրեցի օգտատեր, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւս արձագանքեց. «Տեսնես այցելուն խաբա՞ր է, կամ որ խաբար լինի՝ ինչ է ասելու…»: Խաչիկ Վարդանյանն էլ հորդորեց չզարմանալ, «որովհետեւ եթե քաղաքապետը մարզպետին ասֆալտ ա նվեր տալիս ծննդյան կապակցությամբ, մոտ 9 միլիոն դրամ արժողությամբ, ուրեմն սերժիկի համար հաստատ կանեն»:
Մեկնաբանությունների ընթացքում մի բացահայտում էլ եղավ. Տաթեւ Հ. հրազդանցին գրեց. «Մենակ Գյումրին չի, մեր մոտ էլ են «ինտենսիվ» պատրաստվում))) Ափսոս մենակ գլխավոր փողոցով է անցնելու նախագահը, գոնե էդ ասֆալտը ժողովրդին օգուտ կմնար»: Գեւորգ Դրամբյան անունով օգտատերն էլ շտապեց «փրկել» իրավիճակը. «Չէ ժողովուրդ ջան, աշխատանքները դեռ հինգ տարի առաջ պլանավորված ու բյուջեով հաստատված էին: Ուղղակի պատահական անձրեւ եկավ: Հետո էլ մի երեսուն հատ սեւ ջիպեր իրար հետեւից անցան սպիտակ դրոշակներով»:
ՀԱՆՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՎԱԾ ԱՍՖԱԼՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ