ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Ք ԲԱՑԱՀԱՅՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի՝ ապրիլի 28-ի համարում տպագրված  «10.000 դրամ ընտրակաշառք՝ ծանոթով» հրապարակմանը ՀՀ գլխավոր դատախազությունը շատ օպերատիվ  արձագանքեց: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ ներկայացրել էինք ընտրակաշառք բաժանելու կոնկրետ դեպք` անուններով եւ հասցեներով: Նույն օրը եւեթ ՀՀ դատախազությունում տեղի ունեցավ ընտրախախտումների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը, որի ժամանակ դատախազ Կորյուն Փիլոյանը, անդրադառնալով հրապարակմանը, շեշտեց. «Ներկայում աշխատանքային խումբն ուսումնասիրում է հիշյալ հաղորդումը: Կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները, եւ արդյունքների մասին կտեղեկացվեք ինչպես դուք, այնպես էլ հանրությունը»:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ իր հերթին առաջարկեց. «Խնդրեմ, քննիչների հետ, դատախազների հետ մասնակի՛ց եղեք ամբողջ ստուգման գործընթացին»: Մեր հրապարակման մեջ ներկայացված խոսակցության  ձայնագրությունը ստանալու ակնկալիքով դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել: Մենք, իհարկե, կհետեւենք, թե ինչ քայլեր է ձեռնարկելու դատախազությունը ոչ միայն կաշառք բաժանողներին, այլեւ կոնկրետ պատվիրատուներին բացահայտելու եւ պատժելու ուղղությամբ:
Ողջունելով հանդերձ դատախազության օպերատիվությունը, միեւնույն ժամանակ անհնար է չնկատել ձեւական կողմը: Եթե համապատասխան մարմինները շահագրգիռ են ինչ-որ բան բացահայտելու հարցում, հեռու գնալ պետք չէ: Բավական է ընդամենը մի քանի րոպեով «դարանակալել» կոալիցիոն կուսակցությունների եւ նրանց թեկնածուների նախընտրական շտաբների մոտ, տեսնել տիրող եռուզեռը (հատկապես այս օրերին), այն, թե ինչպես են քաղաքացիները անձնագրերով, խումբ-խումբ մտնում ու դուրս գալիս, եւ առանց ավելորդ ջանքեր գործադրելու նրանց կհաջողվի իմանալ՝ ովքեր ինչքան գումար են տալիս: Ցանկության, քաղաքական կամքի առկայության դեպքում իրավապահ մարմիններից շատ քիչ ժամանակ կպահանջվի քրեորեն պատժելի այդ արարքի բոլոր որջերը բացահայտելու համար:
Տեղի ունեցած յուրաքանչյուր ընտրության նախաշեմին եւ դրանից հետո լրատվամիջոցների ձեռքում են հայտնվել բազմաթիվ փաստեր՝ ընտրախախտումների, ընտրակաշառքի բաժանման մասին, հրապարակվել են երթուղային տաքսիների համարանիշեր, որոնք մարդկանց են տեղափոխել, եւ որտեղ գործարք է տեղի ունեցել, սակայն իրավապահները մշտապես մասնագիտական անձեռնահասություն են դրսեւորել: Այդ նյութերը հիմնականում չեն ուսումնասիրվել, ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողներն էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Անշուշտ, համապատասխան մարմինները հասկանում են, որ հրապարակել եւ, ինչպես Փիլոյանն է ասում, հանրությանը տեղեկացնել   ընտրակաշառք  բաժանողների անունները, նույնն է, թե կտրել այն ճյուղը, որի վրա նստած են, ահա թե ինչու նրանք հիմա զբաղված են ժամանակ շահելով եւ իմիտացիոն գործողություններով: Իսկ մենք նրանց հիշեցնենք` հայտնի մարդիկ Գյումրիում ալեհավաք են բաժանել, գյուղերում՝ գարի ու պարարտանյութ: Յուրաքանչյուր թաղամասում շրջում են մարդիկ, բնակարանների դռները մեկ առ մեկ թակելով՝ առաջարկում են ընտրել այս կամ այն կուսակցությանը կոնկրետ գումարի դիմաց: Այնպես որ, աշխատե՛ք, պարոնա՛յք, փորձելով բացահայտել այն, ինչը բացահայտ է բոլորի համար:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս