ՀԱՎԱՏԱՑԻՆՔ, ԲԱՅՑ ՉՓՈԽՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին ԱԺ ընտրությունների նախաշեմին ենք: Կրկին կհնչեցնեք նախընտրական խոստումներ, որոնք կրկին անկատար կմնան, ինչպես ինձ տրվածն էր:
Պարո՛ն նախագահ, Ձեր վարչապետության օրվանից Դուք խոստացել եք ուշադրության արժանացնել անձնական գույքը եւ առողջությունը երկրի կայացման,  ազգի գոյատեւման սուրբ գործին նվիրած հրամանատարին: Հրամանատար, ում  պապերը  սերվել են քաջերի սերնդից: Նրա հայրը յոթանասունից ավելի բեկորային վնասվածքներով չի լքել ռազմի դաշտը, դարձել է 1-ին կարգի հաշմանդամ: Իմ հայրը նույնպես պատերազմի վետերան էր: Նման հերոսական անցյալ ունեցող մեր ընտանիքն այսօր անօթեւան է, ինչպես «Վարդանանց ջոկատ»-ի խորհրդանիշ արյունոտ դրոշը:
Այս ի՞նչ զավեշտ է, այս ո՞ւր ենք հասել: Փետրվարի 19-ին ամպագոռգոռ կոչերով ու ակնառու ձեւապաշտությամբ նշվում էր Վարդանանց տոնը, որին, ցավոք, մասնակցում էր դրա հետ ամենեւին առնչություն չունեցող մարդկանց մի խումբ:  Հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանում, սկսած 1996թ-ից, այդ տոնն առաջին անգամ եւ ավանդաբար նշվել է «Վարդանանց երդվյալ ջոկատ»-ի նախաձեռնությամբ` հստակ ամրագրված ծրագրով, հարգանքով ու հավատով դեպի տոնի առաքելությունը, ու կարեւորը՝ առանց ցուցամոլության: Ու այսօր հայտնվել են նորաթուխներ, որոնք քողարկված անտարբերությամբ փորձում են ազգի իրական նվիրյալներին անտեսել: Խորհուրդ կտամ նրանց՝ դրա փոխարեն հանրօգուտ գործով զբաղվեն,  ավելին, մշակեն Վ. Մամիկոնյանի արձանի մոտ 2002թ-ին ջոկատի կողմից տնկված խորհրդանշական 451 վարդերը, որոնց կտրոնները ամուսինս`    Վանիկ Գալստյանը, գնել է անձնական միջոցներով:
Այսօր շենացնելու փոխարեն, բողոքի բաց նամակ եմ գրում, ինչո՞ւ: Ինչո՞ւ եք ստիպում ինձ հիշեցնել Ձեր նախընտրական խոստման մասին, որ արդեն քանի տարի չեք կատարում: Ու այսօր կոչ եք անում՝ «Հավատանք, որ փոխենք»: Դուք հավատը մեռցրել եք մեր մեջ, իր երկրի անկախության համար մարտնչած, մարտական անբասիր ուղի անցած, թշնամու ահուսարսափ դարձած հրամանատարի, նրա ընտանիքի ու զինակից ընկերների մեջ:
Այսօր  ամուսինս  ծանր վիճակում, ֆինանսական միջոցների սակավության պատճառով բուժման անկարողությամբ գամված է անկողնուն:  Հաշմանդամության 2-րդ կարգի թոշակը արդեն 8 տարի է՝ ամբողջությամբ տալիս ենք որպես  վարձակալած բնակարանի ամսավճար, հույսով սպասում պետության կողմից իր հասանելիք բնակարանի հերթին: Ավա՜ղ, արդեն քանի՜ տարի: Դե էլ ի՞նչ է մնում անել, սպասել ու հուսա՞լ, թե՞ հետեւել Ձեր կարգախոսին, հավատալ, որ կփոխվեք  կամ կփոխեք:
 26-ամյա որդուս կորուստը վերջնականապես կոտրեց մեզ: Ինչպես Դուք, այնպես էլ մենք, ցանկանում ենք մեր 4-ամյան որբուկին՝ Վանիկ Գալստյան կրտսերին, արժանապատիվ մանկություն ապահովել, սակայն ավա՜ղ… խաղալիք գնելու հնարավորություն անգամ չունենք: Դիմում եմ Ձեզ` որպես մարդ, որպես հայ, որպես պապիկ, մեզ օգնել առաջնահերթության կարգով` մեզ հասանելիք, վաստակած  բնակարանը մեզ տրամադրել, քանի որ  արդեն քանի տարի է` մեր հերթը առաջ չի գնում, տեղի է տալիս: Հուսամ` այս անգամ մեր խնդրանքն անպատասխան չի մնա:
Հ.Ա.Բ.կառույցի  «Վարդանանց երդվյալ ջոկատ»-ի հիմնադիր հրամանատար Վանիկ Գալստյանի կին

ԱՆԱՀԻՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ




Լրահոս