Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու տեխնիկական համաձայնագրի քննարկման ժամանակ խաղաղապահ առաքելությունը շփոթեց զորավարժությունների հետ: Տեխնիկական համաձայնագրի քննարկման ժամանակ նա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին ուղղեց հետևյալ հարցը:
«Պարո՛ն Նազարյան, ես ցանկանում էի իմանալ՝ այդ զորավարժություններին այլ երկրներ մասնակցո՞ւմ են: Ինձ մասնավորապես հետաքրքրում է Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը»,- հարցրեց պատգամավորը:
Արա Նազարյանն էլ պատասխանեց, որ դա զորավարժություն չէ, այլ՝ խաղաղապահ առաքելություն: «Նախ ասեմ, որ սա զորավարժություն չէ, այլ՝ խաղաղապահ առաքելություն: Իսկ Հայաստանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրում երրորդ կողմ չի եղել»,- նշեց Նազարյանը:
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում էր իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան հայ խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված տեխնիկական համաձայնագիրը: Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը բաղկացած կլինի 30 զինծառայողից և երկու սպայից: