ՄԻ՛ ՎԱՃԱՌԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ անկեղծացավ` ասելով, որ ինքն ընդդիմադիր է դեռ հին ժամանակներից.  դեմ է ցանկացած երկրի ցանկացած իշխանությանը, քանի որ համոզված է, որ հենց ընդդիմության շնորհիվ է մի բան շարժվում երկրում` այն զերծ պահելով լճացումից:
-Այսօր մեր երկրում կա՞ ընդդիմություն:
-Կա, բայց, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ ոչ ոք ծրագրային ոչինչ չի անում: Ծրագրային ինչ-որ բաներ կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ եմ նկատել կոնկրետ արտաքին, ներքին քաղաքականության առումով, Ղարաբաղի հարցով: Միգուցե մյուսներին դեռ չեմ հասցրել լավ ծանոթանալ, բայց ինձ դուր եկավ նրանց կողմնորոշումը:
-Այս խոսքերից ենթադրում եմ, որ մայիսի 6-ին «Ժառանգության»-ն եք ձայն տալու:
-Դե գիտեք, ընտրությունը գաղտնիք է, հնարավոր է` մեծամասնականով մեկին ընտրեմ, համամասնականով` մյուսին: Ես ուշադիր հետեւում եմ, թե ինչ է կատարվում:
-Քանի որ հետեւում եք, ուրեմն տեղյակ եք, որ Ձեր կոլեգաներից մի քանիսն ուզում են իրենց փորձել քաղաքականության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ իրողությանը:
-Նայած` ով: Մեր բնագավառում կա անգրագետ ախմախ էլ, կրթված մարդ էլ: Եթե կիրթ մարդ է, հաստատ նա ավելի պակաս չի լինի այսօր Ազգային Ժողովում նստած որեւէ մեկից:
-Բայց ի՞նչ անելիք ունի արվեստագետն ԱԺ-ում:
-Եթե ինքը քաղաքացի է ու երկրի ցավով տառապող մարդ, անպայման օգտակար կլինի:
-Դուք` որպես քաղաքացի, ի՞նչ սպասելիքներ ունեք մեր իշխանություններից:
-Դժվար բան եք ասում, սա երկար պրոցես է, այն կարող եմ ասել, որ անարդյունավետ քաղաքականություն են տանում, երկրում կոռուպցիան չի պակասում, ժողովուրդն անպաշտպան է, դատական համակարգը` այլանդակ:
-Որեւէ բան կփոխվի՞ ընտրություններից հետո:
-Ինչ-որ բան անպայման փոխվում է, բայց կաթիլ-կաթիլ: Սակայն մենք այդ ժամանակը չունենք, որ սպասենք: Ու եթե մեզ դրել ենք խելացի ազգի տեղ, ապա այս ամեն ինչը մեզ չի սազում, մենք պարտավոր ենք արժանավայել ապրել:
-Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս պահանջել, վերականգնել մեր իրավունքները:
-Անընդհատ պետք է խոսել, բարձրաձայնել ու անընդհատ ըմբոստանալ: Մենակ հո ղեկավարությունո՞վ չէ, մեր ամբողջ համակարգն է շատ վատը: Էն ամենացածր չինովնիկից սկսած: Հնարավոր է` ինչ-որ մեկը մեծ ցանկություն ունի լավ բան անելու, համակարգը չի թողնում, մյուսին այլ բան է խանգարում: Մեր ազգին չի սազում նման երկիրը:
-Ինչպիսի՞ երկիր եք երազում ունենալ:
-Հարուստ, խելքի վրա հիմնված, կարգուկանոնով: Ուզում եմ, որ իրականում լինենք ազգային դեմոկրատական երկիր: Ազգայինը միշտ պետք է մեր տեսադաշտում լինի: Եւ ոչ միայն արժեքները, այլեւ երազանքները:
-Ի՞նչ ազգային երազանքներ ունեք կոնկրետ Դուք:
-Միացյալ Հայաստան եմ ուզում: Պետք է անպայման գանք այն վիճակին, որ թուրքերն ընդունեն իրենց կատարած չարագործությունը եւ փոխհատուցում տան: Հողով կլինի, թե փողով, բայց արյան գինը վճարել պարտավոր են: Շատ եմ ուզում ռուսի հետ հավասարով խոսենք: Թող լինի փոքրիկ, բայց հզոր երկիր: Որ ժողովուրդն իր երկրում իրեն պաշտպանված զգա ու չփախչի, էստեղ կարողանա արարել, վաստակել ու իր ընտանիքին կրթել, ինչպես որ պետքն է: Դրանք շատ սովորական երազանքներ են:
-Այսօր գործազրկության մեծ թիվ ունենք, ու շատ երիտասարդներ հեռանում են երկրից` հացի խնդիրը լուծելու համար:
-Այսօրվա կրթված երիտասարդների 90 տոկոսն ուղղակի դիպլոմավոր է, կրթված չէ: Երկրորդ` պետք է լինեն իրոք մասնագետներ, մտածող գիտնականներ, որոնք կիմանան` մեր երկրին ինչ է պետք, ոնց անեն, որ մեր երկիրն ավելի հարստանա: Հո միայն նավթով ու գազո՞վ չէ, շատ ուրիշ բաներ կան: Ասում ենք` մենք խելացի ենք, դե ուրեմն խելքներս պետք է ուղղենք այնտեղ, ինչի հնարավորությունը  մենք ունենք: Բայց դրա համար պետք է պետական օժանդակություն, որ ֆինանսավորվի գիտությունը, որ աշխատատեղեր ստեղծվեն, պետությանը եկած օգնությունները չպետք է թալանվեն: Ես զգում եմ, որ շատ է թալանվում, բայց այդ թալանվածով հազար ու մի տեսակ գործ կարելի էր անել ու մարդկանց աշխատանքով ապահովել: Ողբերգություն է, երբ արդեն անկախ պետությունից է ժողովուրդը փախչում: Մենք ոչ մի երկրի քաղաքացուց պակաս չենք: Մենք ավելիին արժանի ազգ ենք:
-Հավատո՞ւմ եք, որ մեր երազած լավ օրը կգա վերջապես:
-Դե ամեն մեկը պետք է իր տեղում աշխատանք տանի, միայն նստելով ու խոսելով չէ: Ամեն մեկը պետք է մի բան անի` սկսած հասարակ քաղաքացուց: 5.000 կամ 10.000 դրամով էլ իրենց ապագան չվաճառեն ամեն քայլափոխի: Իրար սիրենք, հարգենք ու հավատանք մեր վաղվա օրվան: Արժանապատիվ ապրեք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս