ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ԹԱՆԿ Է, ԿԱԹԸ` ԷԺԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի որոշ գյուղական բնակավայրերում կաթի մթերման գինը վերջին օրերին նվազել է, իսկ գյուղացին այլեւս չի ցանկանում կաթը ցածր գնով վաճառել: Ասում են` Հայաստանում գյուղերի զարգացման հեռանկար չի կարող լինել, քանի դեռ 1 լիտր ջուրն ավելի թանկ է, քան մեկ լիտր կաթը:
Թեեւ կաթնամթերքի շուկայում գնանկում չի արձանագրվել, սակայն կաթ մթերող ընկերությունները գնացել են գնային փոփոխությունների եւ կաթի 1 լիտրը գյուղացիներից գնում են 120, լավագույն դեպքում` 130 դրամով, իսկ վաճառակետերում իրացնում մինչեւ 250 դրամով: Գյուղապետերի կարծիքով` կաթ մթերող ընկերությունները նման գործելաոճի համար պետք է պատժվեն, քանի որ կա պայմանավորվածություն, որ կաթի գինը պահպանվի 150 դրամ, մինչդեռ այդ պայմանավորվածությունը  ժամանակ առ ժամանակ կամայականորեն խախտվում է: Վերջերս Շիրակի մարզ այցելած գյուղատնտեսության նախարարին համայնքապետերը հայտնել են իրենց դժգոհությունները, նշել, որ գնային տատանումներն ինքնանպատակ են, եւ կաթ վերամշակող ընկերությունները գյուղացու հաշվին են փորձում գերշահույթ ստանալ: Սակայն նորմալ արձագանք գյուղնախարարից չեն ստացել:
«Մինչեւ փետրվար ամիսը վաճառվել է 150 դրամով, փետրվարից հետո կաթի գինը միանգամից իջավ: Եւ մենք էստեղ ոչ մի լծակ չունենք, որ կարողանանք փոխել իրավիճակը»,-ասում է Մեծ Սեպասարի համայնքապետ Սերգեյ Սողոյանը:  
Սառնաղբյուրի համայնքապետն էլ պատմեց, որ մի քանի անգամ փորձել են համաձայնության գալ մթերող կազմակերպության հետ, բայց ապարդյուն: Գյուղատնտեսության նախարարության այն պատճառաբանությունը, որ վերջին տարիներին հանրապետությունում անասնագլխաքանակն աճել է, ինչն էլ հանգեցրել է կաթի գնի նվազմանը, գյուղապետերն անտրամաբանական եւ անիմաստ են համարում: «Ավելի լավ չէ՞, որ կաթն ավելացել է: Ուրեմն որ ավելացել է, կաթը պիտի էժանանա՞: Դա ինքնարժեքի վրա շատ կազդի: Այս տարի գյուղացիները մի տուկ խոտը գնել են 1200 դրամով: Դե տեսե՛ք` ինքնարժեքն ինչքան կբարձրանա: Հիմա էլ որ էսպես են անում, գյուղացին հիասթափված է»,-ասում է Փոքր Սեպասարի համայնքապետ Ջիվան Բադոյանը:
Խնդիրը բարձրաձայնելու համար մարզի գյուղապետերը հանդիպեցին տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ` նրան հիշեցնելով, որ բարձրացված հարցի շուրջ լուրջ  վերահսկողություն չի իրականացվում: Ոլորտը վերահսկող գլխավոր պաշտոնյայից  գյուղապետերը հարցրին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել կաթի մթերման գներն արհեստականորեն նվազեցնող ընկերությունների նկատմամբ: «Բնականաբար, գները պետք է ձեւավորվեն շուկայում` առաջարկի-պահանջարկի հետեւանքով` եթե դաշտը մրցակցային ա, բայց կարա էնպիսի երեւույթ լինի, որ արտադրողները, մթերողները, տնտեսվարողները սահմանափակ թվով լինեն, գան իրար հետ պայմանավորվածության, ներքին համաձայնության ու գին թելադրեն»,-նշեց Արտակ Շաբոյանը` այդպես էլ որեւէ ողջամիտ լուծում չառաջարկելով համայնքների ղեկավարներին: Վերջիններս իրենց հերթին նշեցին, որ եթե առաջիկայում ոլորտը չուսումնասիրվի, եւ որոշ կազմակերպությունների կամայական գործելաոճին վերջ չտրվի, իրենք կհրաժարվեն կաթը հանձնել եւ այլընտրանքային ուղիներ կփնտրեն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս