ՀԱՐՑ. Լավ տպավորվել է, թե ինչպես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հանուն «հայերի սիրուն աչքերի», փորձեց քրեականացնել Հայոց Ցեղասպանության ժխտման երեւույթն իր երկրում: Հայ դիվանագիտության այդ «նվաճումն» այնքան ոգեւորեց հայաստանցիներին, որ Գյումրիում մի հայ ընտանիք որոշեց «երջանկացնել» իր նորածնին` անունը կնքելով Սարկոզի ազգանվամբ (սովետական տարիներին ունեինք Լերմոնտով, Սվերդլով անունները կրող հայազգիներ): Ինձ շատ է հետաքրքրում, ամիսներ անց ինչպե՞ս է իրեն զգում փոքրիկ Սարկոզին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի՛ Արամայիս Ասլանյան, Ձեզ հետաքրքրող հարցի կապակցությամբ զրուցեցինք փոքրիկ Սարկոզիի պապիկի` Ավետիս Պետրոսյանի հետ, որն իր խորին շնորհակալությունը հայտնեց երեխայի որպիսությամբ հետաքրքրվելու համար եւ ասաց, որ փոքրիկ Սարկոզին իրեն հիանալի է զգում, արդեն 3 ամսական է, շատ ակտիվ ու թմբլիկ բալիկ է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երբեմն ոչ թե անունն է գեղեցկացնում մարդուն, այլ հակառակը: Բացի այդ, ընդունենք, որ Սարկոզի անունը (ազգանունը) միայն Ֆրանսիայի նախագահը չի կրում: Այսինքն՝ փոքրիկ գյումրեցուն պարզապես ֆրանսիական անուն է տրվել: Ժամանակին նույն Գյումրիում երախտագետ հայ ժողովուրդը աղետից հետո մեր երկրի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար ի պատիվ Նիկոլայ Ռիժկովի բազմաթիվ մանկիկների նրա անունով կնքեց: Այնպես որ, Սարկոզին միակ բացառությունը չէ: