Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը Ազգային Ժողովի մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ խորհրդարանի անվտանգության ծառայության ղեկավարը խոչընդոտել էր «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։
Իսկ ավելի վաղ, հունիսի 24-ին, ՀՔԾ-ն կարճեց քրեական գործը՝ կապված ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու հետ։ Փաստերի այս տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ անհետեւանք կմնան նաեւ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ Ղազախստանի հայ համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի եւ նրան ուղեկցողների բռնարարքները «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի նկատմամբ։
Ըստ էության, մեզանում ձեւավորվում է արատավոր ավանդույթ. լրագրողների գործունեության խոչընդոտման կամ նրանց նկատմամբ բռնության մասին հաղորդում ստանալուց հետո ՀՀ դատախազությունը հանձնարարում է ՀՔԾ-ին՝ զբաղվել միջադեպով, իսկ վերջինս կոծկում է գործը՝ ստանդարտ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ բռնության ու խոչընդոտման փաստերը նկարահանված եւ տեղադրված են համացանցում, բազմաթիվ ԶԼՄ-ներում։
Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ՀՔԾ-ի նման գործելակերպը խիստ դատապարտելի է եւ վտանգավոր. այդ կառույցը փաստորեն իր պաշտպանության տակ է առնում բռնություններ իրականացնողներին, խորացնելով հիասթափությունն ու անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։ Մենք պահանջում ենք.
– Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել վերոհիշյալ փաստերի վերաբերյալ կայացրած որոշումների վերանայման համար եւ պատասխանատվության ենթարկել անաչառություն ու արհեստավարժություն չցուցաբերած քննիչներին,
– ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել ՀՔԾ-ի գործողությունների եւ կայացրած որոշումների նկատմամբ եւ ապահովել լրագրողների դեմ ուղղված բռնարարքների ու մասնագիտական գործունեության խոչըդոտումների յուրաքանչյուր փաստի մանրակրկիտ հետաքննում՝ մեղավորներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար,
– ՀՀ ղեկավարությունից՝ խստագույնս պահանջել իրավապահ մարմիններից՝ կասեցնել թափ հավաքող անպատժելիության շքերթը մեր երկրում։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ