Դեռևս ապրիլի 12-ին արտառոց դեպք էր գրանցվել Գյումրիում. սպանվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որի նշանադրությունը Ղուկասյանի դստեր հետ պետք է տեղի ունենար հաջորդ օրը: Սպանությունից որոշ ժամանակ անց կալանավորվեց 28-ամյա Հարություն Սարգսյանը: ,Ժողովուրդե-ը զրուցել է Հարությունի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, որը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, և նրան կալանավորել են առանց հիմնավորման:
Վերջինս ասել է, որ ինքը շատ վրդովված է, քանի որ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածում` իր պաշտպանյալի հետ կապված: ,Իր հետ կապված սխալ ինֆորմացիա են տարածում, և մենք պատրաստվում ենք հերքում խնդրել: Նախ և առաջ խախտում են անմեղության կանխավարկածը և իրեն ներկայացնում են որպես հանցագործության կատարող: Ավելին, նշվում է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչել, զենքի տեղն է ցույց տվել, իբրև թե ինքը, որ ցմահ ազատազրկում չստանա, համագործակցում է իրականացնողների հետ: Իրականում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Համենայնդեպս, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս այդ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հիմնավոր կասկածի մասին նյութեր պատրաստել, սակայն այն որևէ ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հիմնավորել, որ նա որևէ կապ ունի հանցագործության հետ”,-նշել է փաստաբանը: