Բախում Մասիսում` ՀՀԿ ու ԲՀԿ համակիրների միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 3-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում նախնական տեղեկություններով կրակոցներ են հնչել Հայաստանի հանրապետական կուսակցության և “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համակիրների միջև՝ Մասիսի սրճարաններից մեկում տեղի ունեցած վեճի ժամանակ։
Ինչպես Մասիսից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Մասիսի կենտրոնական փողոցի վրա գտնվող “Եվրո+” բացօթյա սրճարանի մոտ են հավաքվել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ։ Այստեղ են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր (ՔՀԳՎ), Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների 1 տասնյակից ավելի աշխատակիցներ՝ ՔՀԳՎ պետի տեղակալ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ողջ տարածքը հսկվում է Ոստիկանության Հատուկ նշանակության վարչության աշխատակիցների կողմից, ովքեր դիմակավորված են և զինված ինքնաձիգերով։
Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքները ղեկավարում են Սամվել Ասատրյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանը։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մոտավորապես 1 ժամ առաջ տեղեկություններ են ստացվել, որ նշված սրճարանում վիճաբանություն է տեղի ունենում, և, ըստ տեղեկությունների, հնչել են նաև կրակոցներ։
Այս պահին նշված փողոցը մոտ 50 մ շառավղով ոստիկանական հատուկ ուժերի կողմից վերցված է ուժեղացված հսկողության տակ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կրակոցներ հնչել են, թե ոչ, դա պետք է պարզի Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, սակայն կրակոցի հետքեր, մասնավորապես, վնասվածքի, ինչպես նաև կրակված պարկուճներ առայժմ չեն հայտնաբերվել։ Սակայն նշված վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ նա ոչ թե կրակոցի արդյունքում է վիրավորվել, այլ բութ առարկայից ստացված հարվածներից։ 
Ի դեպ, վիճաբանության վայրի հարևանությամբ են գտնվում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ շտաբները, որոնք գտնվում են Մասիս քաղաքի “Արգիշտի” հյուրանոցային համալիրի մոտ։Տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։
Դեպքի վայրում է նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։




Լրահոս