2012 թ. Մայիսի 6-ին Հայաստանում անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) տարածել է հայտարարություն, ուր ասվում է, որ Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասն անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Մայիսյան ընտրությունները Հայաստանի համար ազգային կարևորություն ունեցող իրադարձություն համարելով, ԵՀԽ-ն՝ տարածած հայտարարության մեջ կարևորում է այն փաստը, որ անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, մինչդեռ լավ կազմակերպված և ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռեն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
“Եվրոպա-Հայաստան խորհուրդը ողջ Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա ժողովրդի համար: Այս ընտրություններն ավելին են, քան նոր խորհրդարանական ներկայացուցիչներ ընտրելու օր: Դրանք ազգային կարևորություն ունեցող իրադարձություն են: Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում, երբ լավ կազմակերպված և ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն ողջ երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռեն: Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին և ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը: Հետևելով Եվրոպայի առաջարկություններին` համաներում է իրականացվել, արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն է նախաձեռնվել, ընտրական օրենսգիրքն է բարեփոխվել, հավաքների ազատությունն է բարելավվել (ներառյալ` մուտքը Օպերայի հրապարակ), ԵՄ-ի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսություն է սկսվել և ոստիկանության և դատավորների վարքագծի վերաբերյալ մի շարք օրենքներ և ընթացակարգեր են բարելավվել: Բացի այդ, շատ արագ են ընթանում Հայաստանի բանակցություններն ԵՄ-ի հետ նոր Ասոցիացիան համաձայնագրի շուրջ: Ներկայումս պատրաստման փուլում է Արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ և, ինչն առավել էական է, Խորը և համապարփակ, ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն են արդեն սկսվել: Սա ընձեռնում է Հայաստանին նոր հեռանկարներ և դեպի իր տեղը եվրոպական ընտանիքում վերադառնալու հնարավորություն: Քաղաքականապես, ավելի ու ավելի շատ կուսակցություններ են դաշնակցում իրենց եվրոպացի գործընկերների հետ: Ինչպես և դիտորդների մեծ մասը, ՀԵԽ-ը չէր ակնկալում, որ այս բոլոր դրական քայլերը իսկապես կիրականացվեն, և չնայած որ դեռ ակնկալիքներ կան հայկական կողմից` մենք ողջունում ենք այն փաստը, որ արդեն այսքան աշխատանք է կատարվել: Հայաստանը դեռևս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և, հետևաբար ուժեղ և փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Չնայած հարևան Ադրբեջանի սպառնալից և սադրիչ հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսելը խիզախ և դրական քայլ էր, և մինչդեռ գնդակը դեռ գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է վերականգնվի: Տնտեսապես միջազգային ճգնաժամը հարվածել է Հայաստանին, բայց ներկայումս այն փորձում է վերականգնել իր ուժերը: Արտագաղթը, կոռուպցիան և գնաճը անցյալի ակնհայտ սխալներն էին: Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են փորձառու և Հայաստանի համար հստակ ծրագրային տեսլական ունեցող քաղաքական գործիչներ: Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և, ամենից գլխավորը, քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է ավելի ուշ քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան և օգնում են կանխել խարդախության փորձերը: Որոշ հայերի առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. ԲՈԼՈՐ ընտանիքները և համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության և հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, և դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքը ունի: Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջև: Մենք` ՀԵԽ-ը և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ”: