«Մեգո գոլդն» ապօրինի գործարան է կառուցում Մելիքգյուղում. գյուղացիներն անցել են սպառնալիքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչները երեկ շարունակել են քննարկումները, որից հետո փակել են «Մեգո Գոլդ»-ի կողմից իրականացվող աշխատանքների վայր տանող ճանապարհը: Այս մասին Armlur.am-ին հայտնեց համայնքապետ Հակոբ Մկրտչյանը:

«Եթե լսումների ժամանակ իրենց կողմից արված խոստումները չիրականացվեն, բողոքի մեծ ալիք կբարձրանա: Ինչ ես առաջարկել էի, իհարկե, համայնքի անունից, դեռևս օդի մեջ է: Հենց դրա համար էլ որոշել ենք` ոչ թե հարձակման անցնել, այլ մեր պահանջները ներկայացնել, քանի որ լսումների արդյունքներն ընդհանրապես չենք տեսնում»,- շարունակելով խոսքն` ասաց համայնքապետը:

Մեր հարցին, թե ինչու՞ բնակիչները հասարական լսումների ժամանակ դեմ չարտահայտվեցին Թուխմանուկի երրորդ պոչամբարի կառուցմանը, իսկ այս պահին ինչ-ինչ դժգոհություններ են արտահայտում, համայնքապետն ասաց, որ իրենք ոչ թե դեմ չեն արտահայտվել, այլ նշել են, որ եթե կատարվեն իրենց պահանջները, իրենք դժգոհություն չեն արտահայտի: Սակայն, ինչպես նկատեց Հակոբ Մկրտչյանը, սայլը տեղից չի շարժվել, ինչն էլ առիթ է դարձել մեծ դժգոհությունների:

«Ժողովուրդն այս պահին շատ բորբոքված է: Լսումների ժամանակ ասացի, որ աշխատանքների արդյունքում տարբեր ժամանակների ընթացքում մեր ջուրը պակասել է, և պահանջեցի խմելու ջուրը երեք կամ չորս կիլոմետրից մոտ հասցնել ժողովրդին: Իրենք խոստացան, որ ճանապարհը կվերանորոգվի, հետո մի փոքր ջրամբար խնդրեցինք, որ կառուցեն, քանի որ եղածը ժողովրդին չի բավարարում, իրենք խոստացան ու նույնիսկ ասացին, թե դրանք ի՞նչ հարցեր են, որ արագ և հասարակ ձևով չլուծենք: Այդ հասարակը շատ շուտ բարդացավ: Հիմա արդեն ժողովուրդը հավաքվել է»,- նշեց համայնքապետը, ում փոխանցմամբ` որոշ ժամանակ առաջ ինքը գրավոր դիմում է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, ով հանձնարարական է տվել, որ ժողովրդի խոստումները չկատարելու դեպքում, չպետք է թույլ տալ աշխատանքների կատարումը:

«Այնտեղ այս պահին աշխատանքներ են իրականացվում, որոնք ես թույլ չեմ տվել: Ասում են` հետագայում ինչ-որ ֆաբրիկա պետք է կառուցվի, որին ես ծանոթ չեմ, և որի տարածքի համար ևս թույլտվություն չեմ տվել»,- ասաց գյուղապետը: Մեր դիտարկմանը, թե արդյոք նոր գործարանի կառուցումը Մելիքգյուղում նոր աշխատատեղերի ստեղծման նախադրյալ չպետք է համարել, ինչը դրական է բնակիչների համար, Հակոբ Մկրտչյանը նշեց, որ ֆաբրիկայի կառուցումը կարող է իրենից բազմաթիվ խնդիրների առաջացում ենթադրել` սողանքներ, բնապահպանական նորմերի խախտում և այլն: Իսկ թվարկված երևույթների առկայության դեպքում նոր գործարանի կառուցումը կտրականապես արգելվելու է:

«Եթե  նախագիծը չանցնի, նշանակում է՝ այնտեղ բավականին վտանգավոր կողմեր և նորմեր կան: Ինչ վերաբերում է աշխատանքների համար դրսից բանվորական ուժեր բերելուն, ապա մենք պահանջել ենք, որ աշխատողներ ընդգրկեն միայն Մելիքգյուղից, քանի որ մենք ունենք մասնագետներ, բանվորներ: Եթե հանկարծ մասնագետի պակաս կզգացվի, այդ դեպքում կարող են դրսից բերել: Ժամանակին էլ շատերին են բերել: Մենք չենք ասում Հայաստանի մարդը թշնամի է մեզ համար, մերը մեծ գյուղ է, շատ բանվորներ ունենք»,- ասաց Մելիքգյուղ ղեկավարը` հավելելով, որ եթե մարզպետարանը գտնի, որ անհրաժեշտ է հարցի լուծման համար դիմել այլ կառույցների ևս, իրենք միայն կողմ կլինեն:




Լրահոս