Այսօր վաղ առավոտից՝ ժամը 8:00-ից, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված տոնավաճառների 300-ից ավելի աշխատողներ փակել են կենտրոնական փողոցը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը: Ցուցարարները ՀՀ կառավարությունից պահանջում են չեղյալ համարել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից:
«Գյումրին Երևանը չէ, բնակչության 80 տոկոսը բացակայում է քաղաքից, մարդ չի մնացել, տոնավաճառում աշխատող ջահել տղաներին ստիպեցին լքել քաղաքը, գնալ Ռուսաստան, էնտեղից էլ դիակները բերեցին: Թող զենք տան, կրակենք վրաներս, պրծնենք»,-armlur.am-ի հետ զրույցում բողոքեց տոնավաճառում երկար տարիներ աշխատող տիկին Անահիտը:
Նշենք, որ ոստիկանները փորձում էին ցրել ցուցարարներին՝ ահաբեկելով նրանց և ասելով, որ իրավունք չունեն ցույց կազմակերպելու:
Բորբոքված ցուցարարները մի քանի ժամ շարունակ պահանջում էին հանդիպում կառավարության անդամների, ինչպես նաև տեղի՝ իշխանական մարմինների հետ:
Միայն կեսօրին ցուցարարներին ներկայացան Շիրակի փոխմարզպետն ու Գյումրու քաղաքապետարանի հարկային բաժնի պետի տեղակալը, ովքեր փորձում էին հանգստացել ակցիայի մասնակիցներին՝ համոզելով, որ նոր օրենքը նրանց վրա չի ազդելու: Սակայն ցուցարարները նրանց անգամ լսել չուզեցին, փոխմարզպետին և պետի տեղակալին հաջողվեց միայն ԶԼՄ-ների ուշադրությանը արժանանալ:
Հատկանշական էր նաև, որ ցույցի ընթացքում ցուցարարներին միացան ՀԱԿ խմբակցության և Ժառանգություն կուսակցության տեղացի անդամները, ովքեր տոնավաճառի աշխատողներին թռուցիկներ բաժանեցին և հորդորեցին հոկտեմբերի 8-ին Գյումրիում կաքյանալիք եռյակի նախատեսած հանրահավաքին միանալ:
Մեզ հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ բողոքի ակցիան չեն դադարեցնելու, այն շարունակվելու է եւ վաղը, եւ մյուս օրը, այնքան մինչև իրենց լսեն: Իսկ վաղը մտադրվել են փակել արդեն իսկ հանրապետական նշանակություն ունեցող փողոցը՝ Երևանյան խճուղին:
Ցուցարարներից տեղեկացանք նաև, որ այս պահին ճանապարհը փակել եւ ցույց են անում Մարալիկ քաղաքի տոնավաճառի աշխատողները ևս:
Արևիկ Հակոբյան