
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն մերժել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին աշխատանքային վիզա տրամադրել:
«Ալիա» թերթը գրում է, որ ամերիկյան վերնախավը հիասթափվել է Սաակաշվիլիից և չի ցանկանում աջակցել նրան: Վարկածներից մեկի համաձայն՝ նախկին նախագահը ցանկանում է քաղաքական ապաստարան խնդրել, իսկ առանց աշխատանքային վիզայի՝ դա հնարավոր չէ:
Ինքը՝ Վրաստանի նախկին նախագահը, այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա մտադիր է վերականգնել իր համագործակցությունը Տաֆթս համալսարանի հետ՝ դասախոսություններ կարդալ, և, հնարավոր է, գլխավորել ամբիոնը: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, նրանից այնտեղ վախենում են նրա սկանդալային վարկանշի և էքսցենտրիկության պատճառով:
Վրաստանում Սաակաշվիլիի հանդեպ հարուցված է քրեական գործ, նրան սպառնում է երկարաժամկետ ազատազրկում. հիշեցնում է Россия 24-ը: