Հայաստանի քաղաքագետների միության կողմից ձևավորված ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը մայսի 6-ին մինչև ուշ գիշեր կհետևի քվեարկության՝ օպերատիվ ձևով ներկայացնելով ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների փոխանցած նյութերը www monitoring.politlogos.com կայքում: “Շտաբն աշխատելու է այստեղից ամբողջ գիշեր, այն վեբ կամերաներով ընտրությունների ընթացքը վերահսկող տեսագրությունները պետք է օպերատիվ կերպով փոխանցվեն միասնական շտաբ և ցուցադրվեն այստեղ”,- այսօր միասնական շտաբի վերջնական նիստին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Հմայակ Հովհաննիսյանը նաև նշեց, որ միությունում արդեն ստեղծվել են համապատասխան միջոցներ՝ շտաբի անխափան աշխատանքի համար:
Քաղաքագետների միության նախագահն անդրադարձավ շտաբի ակնկալիքներին Սահմանադրական դատարանի որոշումից, այն է՝ ընտրողների անունների հրապարակում։ Նա նաև նշեց, որ հույս ունեն, որ այն դրական կլինի, քանի որ ընտրությունների մասնակցող 5 հիմնական քաղաքական ուժերից 4–ը պաշտպանում են այդ հայցադիմումը: Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ “Ժառանգության” պատգամավորներն իրենց ստորագրությամբ չեն մասնակցել հայցադիմումը ՍԴ հանձնելու գործընթացին, սակայն ըստ նրա, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պաշտպանում է այն:
Շտաբի կողմից լիազորված Վահե Գրիգորյանը ներկայացրեց հայցադիմումի ընթացքից մանրամասներ, հիշեցնելով, որ վաղը ժամը 10-ին հայտարարված է ԱԺ 30 պատգամավորների կողմից ստորագրված դիմումի քննությունը ՍԴ-ում:
Վահե Գրիգորյանի արդեն իսկ ներկայացված փաստարկներին ի պատասխան միայն լրատվամիջոցներով որպես միակ հակափաստարկ է ներկայացվել Վենետիկի հանձնաժողովի որոշումը: “Մենք ասում ենք Սահմանադրություն, դիմացը լսվում է Վենետիկի հանձնաժողով”,-ասաց նա: Հայցադիմումի տեքսը տեղադրված է նույն քաղաքագետների կայքում: