Ազգային ժողովում այսօր Հանրային հեռուստառադիոընկերության՝ 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություն էր ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Նա նշեց, որ այս տարի ավելացել են գիտական, կրթական հաղորդումները, առանձին հաղորդաշարով ներկայացվել են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները` իրենց կենցաղով ու մշակույթով: Բացի այդ՝ ուշադրություն է դարձվել հասարակության ու պատգամավորների դժգոհություններին հեռուստասերիալների վերաբերյալ, ու դրանք հիմա բացակայում են:
Այնուհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ, հավանաբար, դահլիճում բոլոր պատգամավորներն էլ համամիտ են, որ հանարյին ՀԸ որակը դրականորեն փոխվել է: «Հիմնական խնդիրները, որ այս դահլիճում մեր պատգամավորները հնչեցնում էին, կապված էին Հանրային ՀԸ հաղորդումների որակի հետ, մասնավորապես՝ լրատվականի, որը վերջին ժամանակում դինամիկ զարգանում է: Պակաս կար մշակութային ու կրթական հաղորդումների, դաստիարակչական հաղորդումների»,-նշեղ Էդ. Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նաև հարցրեց, թե հաշվի առնելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, չարժեր, որ մեր ինքնապաշտպանական հերոսներին վերաբերող փոքրիկ սյուժեներ ցուցադրվեն «Հայլուրից» հինգ րոպե առաջ կամ հետո: Շարմազանովն առաջարկեց սյուժեներ պատրաստել Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի մասին: Ջաղինյանը պատասխանեց, որ դեկտեմբերին, հավանաբար, նման հաղորդումները կհեռարձակվեն: