Սահմանադրությունը ժողովրդի կամքն է և, եթե այդ կամքը ներկայացվում է աղավաղված տեսքով, կամ այն իրականացնելը բացառապես պայմանավորվում է իշխանության ցանկությամբ, ապա այդպիսի հասարակությունը չի կարող երաշխավորված ապագա ունենալ: ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթն նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես այս խոսքերն ասելով ուզում եմ անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Ինձ համար հասկանալի, թեև ընդունելի չէ այն փաստարկը, որ կիսանախագահական համակարգն է երկրի զարգացման լավ ապագա խոստանում: Ինձ համար ըմբռնելի են այն փաստարկները և այն մարդիկ, ովքեր որ դեռևս չեն տեսնում կապը սահմանադրության և իրական կյանքի միջև: Ինձ համար կտրականապես մերժելի է այն փաստարկը, թե արդյոք ստեղծված իրավիճակի միակ պատճառը Սահմանադրությունն է:
Անշուշտ, իշխանության որակից շատ բան է կախված: Բայց ինչու է հասարակությունը կախվածության մեջ ընկնում միայն իշխանության ցանկություններից: Արդյո՞ք, օրինակ աշխատանքի ընտրության ազատությունը բավարար է, որ մեր հայրենակիցներն ունենան համապատասխան աշխատանք: Ոչ բավարար չէ, որովհետև չկա այդ իրավունքի իրացման համար պատշաճ մարմին:
Արդյո՞ք բավարար է Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը: Ոչ, բավարար չէ, որովհետև այն սխեման, որը Սահմանադրության մեջ է ամրագրված, թույլ է տալիս իրականացնել արդարադատություն` մեկ անձի ցանկությունից կախված»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, որոնք կձևավորեն ամբողջական իշխանափոխության մեխանիզմներ: