Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի մարտի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ճանաչելով և հռչակելով ամբաստանյալ Մ.Կ.-ի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով /զենքի գործադրմամբ խուլիգանություն/ առաջադրված մեղադրանքում, կայացրել է արդարացման դատավճիռ: Դատական քննության ընթացքում արդարացված Մ.Կ.-ի օրինական շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
Արդարացման դատավճռի կայացումից հետո ձախողված մեղադրանքը փրկելու համար, հուսահատությունից դրդված, մեղադրանքի կողմը դիմել է ծայրահեղ և ակնհայտ ապօրինի քայլի. իբր տուժողին և վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար 2012 թվականի ապրիլի 25-ին, ըստ դատախազի վերաքննիչ բողոքի, “Լոռու մարզի քննչական բաժնում պաշտպան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ”: Փաստաբաններիս համար ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը հերթական անգամ անտեսել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված իրավակիրառ պրակտիկան, մասնավորապես.
ա/ ի սկզբանե անհիմն մեղադրանք է առաջադրել արդարացված Մ.Կ-ին՝ կոպտորեն ոտնահարելով խուլիգանության գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնց կիրառմամբ էլ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ,
բ/ պաշտպան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ ապօրինաբար հարուցել է քրեական գործ՝ արհամարհելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ին Կարեն Սարուխանյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ “Եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես ,սուտե նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության Սահմանադրական գործառույթի բուն էությունը: (…) ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր կլինի հանգել միայն համապատասխան դատական ակտը կայացնելուց հետոե”: Հարուցված քրեական գործի ապօրինության ակնհայտությունը դրսևորվել է նաև հետևյալում. 
1. դատավճիռ կայացնելիս դատարանը հիմնազուրկ և անարժանահավատ է գնահատել տուժողի և մի քանի վկաների նախաքննական ցուցմունքները, իսկ դատաքննական ցուցմունքները գնահատել է արժանահավատ և հավաստի: Մինչդեռ քրեական գործ հարուցելու որոշման հիմքում ընկած է այդ անձանց դատաքննական ցուցմունքների սուտ լինելու հանգամանքը: Հետևաբար, ըստ մեղադրանքի կողմի թյուր կարծիքի՝ արդարադատություն իրականացնող մարմնի հետևություններն ու գնահատականները որևէ նշանակություն չունեն.
2. որևէ ցուցմունք չի կարող գնահատվել որպես սուտ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ուստի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում սուտ ցուցմունք տալու կամ սուտ ցուցմունք տալուն դրդելու ենթադրյալ արարքների կապակցությամբ քրեական գործի հարուցումը բացառվում է: 
Համոզված ենք, որ քրեական գործ հարուցելով՝ մեղադրանքի կողմը ոչ միայն փորձում է ,փրկելե ձախողված մեղադրանքը, այլ նաև նման քայլը Լոռու մարզի փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդման ենթարկելու հերթական անհաջող փորձն է: Վերոգրյալի հիման վրա ՀՀ Լոռու մարզի դատախազությունից և ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննչական բաժնից պահանջում ենք.
1.Վերացնել պաշտպան Գուրգեն Հարությունյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը, այն է՝ անհապաղ վերացնել քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին 2012 թվականի ապրիլի 25-ի որոշումը կամ կարճել այդ քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով. 
2.Հետայսու հրաժարվել փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողություններ կատարելու արատավոր գործելաոճից, 
3.ՈՒշադիր հետևել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին՝ ապահովելով դրանց գործնական կիրառումը. 
4.Քրեական գործերով վարույթների ընթացքում ղեկավարվել բացառապես օրենքի պահանջներով՝ զերծ մնալով օրինականության սկզբունքի նմանատիպ ակնառու և ակնհայտ խախտումներից: Սույն հայտարարությամբ առաջադրված պահանջները չկատարելու դեպքում պատրաստակամություն ենք հայտնում 2012 թվականի մայիսի 20-ից հայտարարել գործադուլ:
Լոռու մարզի փաստաբաններ
1. Գուրգեն Հարությունյան 
2. Հովսեփ Հովսեփյան
3. Լևոն Գոգինյան
4. Արտակ Ոսկանյան 
5. Ռուբեն Հակոբյան
6. Էդմոն Մարուքյան
7. Կարեն Թումանյան
8. Ադելինա Հակոբյան
9. Կարինե Գասպարյան
10. Անահիտ Ալոյան
11. Վահան Ավագյան
12. Ռաֆիկ Պարոնյան
13. Վարդան Սուղյան
14. Արմեն Զաքարյան
15. Արթուր Սուքիասյան
16. Մելս Ղարագյոզյան
17. Տաթևիկ Մատինյան
18. Արմեն Չիլինգարյան
19. Աննա Թամազյան
20. Գագիկ Նալբանդյան
21. Ռոման Կոնինյան
22. Ալեքսանդր Ծատինյան
23. Ժորա Վարոսյան
24. Ռուբեն Նիազյան
25. Մհեր Դավթյան
26. Արծրունի Մաղաքյան
27. Էդուարդ Չատինյան
28. Արմինե Ջանջուղազյան
29. Արթուր Սարգսյան
30. Արսեն Սերոբյան
31. Գարեգին Հարությունյան
32. Արայիկ Պապիկյան
Հայտարարությունը բաց է միանալու նաև այլ փաստաբանների համար:




Լրահոս