Վախ մամա ջան, էս ինչ ա կատարվում. խորհրդարանը Շարմազանովին հիշեցրեց «Միմինո» ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ հայտարարությունների ժամին պատասխանեց քաղաքական մեծամասնության հասցեին ոչ իշխանական ուժերի մեղադրանքներին: Շարմազանովը նշեց, որ հայտարարությունների ժամն իրեն հիշեցրեց հայտնի «Միմինո» ֆիլմից մի դրվագ, երբ Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսն ասում էր՝ «Մամա ջան, էս ինչ ա կատարվում»:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես այս խորհրդարանում ոչ այս մարդկանց հետ աշխատել եմ, ոչ էլ մենք տեղյակ ենք այն խնդիրներին, որոնց մասին նրանք խոսում են»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությանը, ով ընթերցում էր Սահմանադրական դատարանի որոշումն այն մասին, թե բոլոր պատգամավորները պետք է պարտադիր մասնակցեն արտահերթ նիստերին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է հրավիրում՝ Շարմազանովը նշեց, որ շատ լավ է, որ ընթերցում են Սահմանադրական դատարանի որոշումը՝ հիշեցնելով, որ այդ որոշման ընդունումից հետո քաղաքական մեծամասնությունը հրավիրել է արտահերթ նիստ, որը ոչ իշխանական ուժերը բոյկոտել են:

«Երբ ձեզ հարցրեցինք՝ ինչու՞ եք բոյկոտում, ինչու՞ չեք մասնակցում, դուք ասացիք, որ դա քաղաքական դիրքորոշում է: Այդ ո՞նց եղավ ձերը քաղաքական դիրքորոշում է, մերը քաղաքական դիրքորոշում չէ: Թե ինչ կարելի է Զևսին՝ չի կարելի եզին: Երեկ ժամը 18:30, երբ դուք արտահերթ նիստ էիք հրավիրել, ներկա է եղել և գրանցվել է 38 պատգամավոր: Իսկ ու՞ր էին մնացածը: Իսկ 21:30-ին՝ երեքժամյա ռեժիմի ավարտից հետո, երբ ես փակում էի նիստը, ես էի, Ազգային ժողովի նախագահն էր և քարտուղարությունը: Եթե այդքան շահագրգռված էիք, եթե ձեր խնդիրը հարցեր լուծելն է, այլ ոչ թե քամի անելն է, ինչու՞ չէիք եկել: Ձեր ընկերներին հավաքեիք, գայիք»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով քաղաքական մեծամասնությանն անտարբերության մեջ մեղադրող դիտարկումներին՝ Շարմազանովը նշեց, որ հիմնական աղետն անտարբերությունն է, հատկապես քաղաքական ուժերի անտարբերությունը: «Հիմա ես ձեզ հարց եմ տալիս: Այդ անտարբերությունից ելնելո՞վ չմասնակցեցիք ընտրություններին: Այդ անտարբերությունից ելնելո՞վ ոչ թեկնածու առաջարկեցիք, ոչ էլ որևէ մեկին քվեարկեցիք: Դրանից ելնելո՞վ ձեր խմբակցության անդամին չաջակցեցիք նախագահական ընտրությունների և Ազգային ժողովի նախագահի ընտրություններում»,- հարցրեց նա: 




Լրահոս