ՀՀ ոստիկանությունից նոր մանրամասներ են հաղորդում երեկ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ըստ այդմ` մայիսի 3-ին ժամը 22:50-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխի մասում ստացված վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարեն Տ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում կենտրոնական հրապարակում գտնվող սրճարանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում բռունցքով հարվածել է Կարեն Տ.-ի գլխին և պատճառել վնասվածք: Ըստ աղբյուրի, Կարեն Տ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է քննություն: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Մասնավորապես մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մասիսում կրակոցներն են հնչել : Այստեղ շատ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև:
Լարումն այնքան է մեծացել, որ երկու թիմերը բախվել են իրար և հենց Մասիսի հրապարակում կրակել միմյանց վրա: Ուշ երեկոյան դեպքի վայրը շրջապատված է եղել ոստիկաններով: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածուն բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն է, իսկ ԲՀԿ թեկնածուն` ԲՀԿ գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: