ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Լատվիայի հետ համագործակցությունը եւ երկկողմ ձեւաչափով, եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ ընդգծել, որ Լատվիան այդ հարցում կարող է արդյունավետ կամուրջ լինել:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության թանգարանի նմուշների ցուցադրության կազմակերպումը Լատվիայում, ինչը հնարավորություն կտա լատվիացի հանրությանը ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը:
Հյուրերը նշել են, որ չնայած Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, այնուամենայնիվ իրենց նպատակն է Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրեր գտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լատվիայում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: