Հայաստանում գնաճը սկսել է ակտիվանալ. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Գնաճի ակտիվացմանը նպաստել են պարենային եւ ոչ պարենային ապրանքների շուկաներում նկատված դրսեւորումները: Սեպտեմբերին պարենային ապրանքների թանկացումը գնահատվել է 0,7 տոկոսի չափով։ Դա արտահայտվել է հատկապես հրուշակեղենի, կենդանական եւ բուսական յուղերի, ձկնամթերքի, գյուղատնտեսական մի շարք այլ մթերքների գների բարձրացման տեսքով: Գնաճի ակտիվացումը Կենտրոնական բանկը պայմանավորում է գերազանցապես ներքին գործոններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է փողի էժանացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարվա երկրորդ կեսից գործողության մեջ մտած պետական հատվածի աշխատավարձերի բարձրացմանը, տարեվերջին ակնկալվող բյուջետային ծախսերի ավելացմանը, ինչպես նաեւ նոյեմբերից սպասվող հերթական ապրանքախմբերի դրոշմավորմանը: Վիճակագրական ծառայության դիտարկումներով, սեպտեմբերին գնաճային դրսեւորումներն ակտիվացել են նաեւ ոչ պարենային ապրանքների շուկաներում։ Մասնավորապես թանկացնում են շինանյութերը, գրենական պիտույքները, կենցաղային էլեկտրատեխնիկան, խոհանոցային սպասքը, հագուստը եւ մի շարք այլ ապրանքներ:
Պարենային եւ ոչ պարենային ապրանքային շուկաներում տեղի ունեցած այս դրսեւորումների հետեւանքով վերջին երկու ամիսներին 12-ամսյա գնաճը Հայաստանում ավելացել է 1,1 տոկոսով: Թե այն մինչեւ ուր կհասնի, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս