Արարատի քաղաքապետն ապօրինություններ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը` Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը, հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հոկտեմբերի 10-ին նշանակած համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ են անցկացնում նաեւ հանրապետության մի շարք քաղաքներում։

Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից։ Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով։ Արարատի քաղաքապետարանում, իրազեկված միջոցառումների համար նախատեսված՝ օրենքով սահմանված տեղում հոկտեմբերի 3-ի համար չի եղել փակցված որեւէ այլ հայտ՝ ո՛չ հանրահավաքի իրազեկման փաստաթղթերը ներկայացնելու օրը, ո՛չ էլ անգամ հետագա օրերին։

Քաղաքապետի գործողությունները բողոքարկվել են դատարան, որը, սակայն չի բավարարել հայցը՝ վկայակոչելով իրազեկման հայտում ինչ-որ անճշտություն։ Սակայն օրենքի պահանջով իրազեկման փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու պարագայում քաղաքապետարանը պարտավոր էր անմիջապես տեղյակ պահել իրազեկումը ներկայացնողներին՝ անճշտությունը ուղղելու համար նրանց ողջամիտ ժամկետ տալով։

Այսպիսով՝ ի դեմս Արարատի քաղաքապետի գործողությունների եւ դատարանի որոշման, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ։ Այս հիմքով էլ հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր հայտը համարում ենք ընդունված»։




Լրահոս