Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիա էր անցկացվում: Մասնակիցները նշեցին, որ այս տարի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ ամուսինների կողմից կանայք ծեծի են ենթարկել և դրա հետևանքով մահացել:
«Պաշտպանենք կնոջ իրավունքները» և նույնաբովանդակ մի քանի պաստառներին կից ստորագրահավաք իրականացվեց, որին մասնակցողները կմիանան մի նպատակի` վեր հանել ընտանեկան բռնությունների դեպքերը, դրանց լուծում տալ և թույլ չտալ, որ ամեն ինչ խորանա սպանության աստիճան:
Անցորդներին բաժանվեցին թռուցիկներ, որոնցում նշված էր, որ այսօր` «Ընտանեկան բռնությունների դեմ» պայքարի միջազգային օրը, իրենք պատրաստվում են բարձրաձայնել ընտանեկան բռնություններից ազատվելու միջոցների մասին:
Մասնակիցները Armlur.am-ին հայտնեցին, որ 2011 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ հարցմանը մասնակցել է 2695 քաղաքացի, որի 59,6%-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվել են ընտանեկան բռնության:
«Ըստ փորձագետների կարծիքի` ընտանեկան բռնությունը ծանր ազդեցություն ունի ականատես երեխայի վրա: Ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն` 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 9 կին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Վերջինս հայտնեց, որ այսօր` ժամը 18:00-ին, Կարապի լճի մոտակայքում տեղի է ունենալու մոմավառություն` նվիրված ընտանեկան բռնության զոհերի հիշատակին: Իսկ վաղը` ժամը 10:00-ին, մեր զրուցակցի փոխանցմամբ, իրենք հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց` պահանջելով ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը: