ԽԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Սերժ Սարգսյանը  «չափազանց անսպասելի» կերպով ացելել է Մաշտոցի այգի, որտեղ իրեն ուղեկցող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեսախցիկների առջեւ հորդորել է ապամոնտաժել տաղավարները: «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է, մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության  իրավունքի հետ կապված հարցերում: 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես՝ այս ամենն ապամոնտաժենք»,- ասել է ընտրությունների նախօրեին Երեւանի տեսքով  մտահոգված ՀՀԿ ղեկավարը: Նշենք, որ Աբովյան փողոցը կրպակներից մաքրելու ծրագիրը սկսել էր դեռեւս  նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, բայց ծրագրել էր Գագիկ Բեգլարյանը: Սակայն դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ ուշիմ աշակերտի կեցվածքով կանգնած «Տարոն ջանն» անմիջապես շտապել է ասել` «եղավ, պարո՛ն նախագահ, ձեւը կգտնենք անպայման եւ կարճ ժամանակում որոշումը կկայացնենք»: Իսկ արդեն ժամեր անց քաղաքապետը հանդես եկավ  պաշտոնական հայտարարությամբ, որով հանրությանը աչքալուսանք տվեց` այսօր արդեն որոշումը կկայացվի. «Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները»: Ահա այսպես` պարզվեց, որ մեր երկրում ցանկացած` ատոմակայանի թե «բուտիկի»  հարց,  լուծվում է բացառապես մեկ հոգու կամոք: Մենք էլ միամտորեն կարծում էինք, թե ապրում ենք մի երկրում, որտեղ կա իշխանության  թեւերի` Սահմանադրությամբ ամրագրված տարանջատում, որտեղ օրենքով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի լիազորություններ, ու պարտականությունները: Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ, պարզվեց, որ մենք վերածվել ենք կիսաարեւելյան մի խանության, որտեղ ամեն ինչ որոշում է խանը: Կուզի` կասի զավթե՛ք քաղաքի կենտրոնը ձեր անճաշակ էլիտարներով, կուզի` կասի,  որ Մաշտոցի այգու «բուտիկները» «աչք չեն շոյում», ու դրանք պետք է ապամոնտաժել: Իսկ դրանից հետո, էլ ի՜նչ սեփականության իրավունք, ի՜նչ բան: Ընդամենը մի քանի ժամ, ու ամիսներ շարունակ կրպակատերերի սեփականության իրավունքը դրոշ դարձրած քաղաքապետը ելքը գտնի: Ինչ է պատահել` Երեւանի կենտրոնում դեռ այնքան բակային տարածքներ կան, որտեղ կարելի է նոր էլիտարներ խցկել` այդպիսով լուծելով Մաշտոցի պուրակի կրպակատերերի սեփականության իրավունքի հարցը: Կարեւորը  ընտրությունների նախօրեին ՀՀԿ PR-ն է: Եվ որքան էլ մարդկայնորեն հասկանալի է ավելի քան երկուսուկես ամիս  Մաշտոցի պուրակում անցկացրած բնապահպանների ուրախությունը, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի երեկվա «հորդորն» ու դրան հետեւած Տարոն Մարգարյանի կայծակնային արձագանքը իրականում ցույց տվեցին, որ այսքան ժամանակ իշխանությունները պարզապես ծաղրել են  պուրակի համար պայքարող  բոլոր քաղաքացիներին, քանի որ այս ողջ ընթացքում այդպես էլ Մաշտոցի պուրակ ոտք չդրած Տարոն Մարգարյանը կարող էր  հարցը լուծել, պարզապես ցանկություն չուներ:




Լրահոս