ՉԿԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՈՐ ՉԱՍԻ՝ ԴԱ ԷՇՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 6-ից հետո «ինչքան կհերիքի մեր ուժերը, այդքան կպայքարենք, եւ Սերժ Սարգսյանը չի ունենա նորմալ երկիր եւ չի կարող հանգիստ գնալ նախագահական ընտրությունների»:
-Պարո՛ն Բագրատյան, Սերժ Սարգսյանին մարզերի բնակիչները բավականին սառն են ընդունում: Հնարավոր կլինի՞ այս իրավիճակում մայիսի 6-ին իրականացնել 30-վայրկյանանոց հեղափոխություն:
-Ուրախ եմ, որ Նիկոլի խոսքը թեւավոր է դարձել: Ասեմ, որ այո՛, մարդիկ հասկանում են, որ կա ուժ, որն ի զորու է փոխել իրավիճակը, դա, բնականաբար, ՀԱԿ-ն է: Սերժ Սարգսյանին իսկապես շատ վատ ընդունելություն են ցույց տալիս:
-Եթե ընտրությունների վերջնարդյունքում լինի այնպես, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, եւ ՀԱԿ-ը հավաքի իրականությունից ակնհայտ հեռու ձայներ, ի՞նչ է անելու. փողո՞ց դուրս կգա:
-Մայիսի 7-ից կսկսվի: Ինչքան կհերիքեն մեր ուժերը, այդքան կպայքարենք, եւ Սերժ Սարգսյանը չի ունենա նորմալ երկիր եւ չի կարող հանգիստ գնալ նախագահական ընտրությունների: Մայիսի 7-ից սկսած՝ կարող ենք, կանենք: Վստա՛հ եղեք՝ մի օր թելը կտրվելու է։
-Ձեր կանխատեսմամբ՝ ինչքա՞ն ձայն կստանա ՀԱԿ-ը:
-Իմ գնահատմամբ՝ այսօր ՀԱԿ-ը 50 տոկոս ձայն ունի:
-Այսինքն՝ եթե ՀԱԿ-ը 50-ից մի փոքր պակաս ձայն ստանա, դուրս կգա փողո՞ց:
-Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ կա ՀԱԿ ու վերջ: Ուրիշ կուսակցության, քաղաքական ուժի մասին խոսք էլ չկա: Եւ սա այն դեպքում, երբ ամեն օր իշխանությունները մի «պրիդուռոկ» են գտնում, որը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում եւ ինչ-որ թվեր հրապարակում: Իհարկե, թվերն իրենք են տալիս, սրանք էլ իրենց անունից հայտարարում են: Նրանք իբր արտասահմանյան են, իբր անկախ են: Բայց իրականում պատկերը հակառակն է: Ես այսօր երկու տեղից խնդրանք ունեմ, որ անձամբ պիտի գնամ, այդ ընտրողների հետ հանդիպեմ. առաջինը Արարատի մարզի գյուղերից մեկը, որ ասում են՝ 1000 հոգով սպասում ենք, մյուսը՝ Սիլաչիից մի քանի շենքերի բնակիչներ: Այսինքն՝ մասսայական պահանջ կա, որ մենք գնանք, ժողովրդի հետ հանդիպենք: Ժողովուրդը զարթնել է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի այսօրվա պահվածքը: Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն էլ դուրս գա փողոց ՀԱԿ-ի հետ:
-Ես չգիտեմ: Բացի ՀՀԿ-ից՝ որեւէ այլ ուժի մասին չեմ խոսում:
-Բայց վերջերս շատ է խոսվում, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ ինտենսիվորեն համագործակցում է, եւ անգամ նշվեց, որ ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ-ի քարոզարշավը:
-Ինձ ԲՀԿ-ի հետ հայտնի է համագործակցություն միայն այն հայտնի շտաբի շրջանակներում: Այլ բան հայտնի չէ:
-Այսինքն՝ հերքո՞ւմ եք:
-Իհարկե, ես ոչ մի բան չեմ տեսել, չկա նման բան:
-Այսօր իշխանությունները շատ առատաձեռն են դարձել, կառավարությունը տարաբնույթ արտոնություններ տվեց մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին (գոնե այդ մասին խոսվեց): Այդ ամենը կազդի՞ ընտրությունների ելքի վրա:
-Չի ազդի, որովհետեւ եթե խորանաք, էապես ոչինչ չեն տալիս: Նրանք շարունակում են տնտեսության կենտրոնացումը: Պարզապես Տիգրան Սարգսյանը փորձեց ուղղել այն սխալները, որոնք արել էր անցած տարվա դեկտեմբերի վերջին, օրինակ՝ արտոնագրերի պատենտների մասով, հաստատագրված հարկի եւ այլնի: Բայց որեւէ լուրջ բան չեն արել: Մենք, եթե նկատել եք, կարդում ենք մարդկանց նրանց 2007-ի ծրագիրը եւ հարց ենք տալիս՝ արվա՞ծ է այս դրույթը, թե՞ չէ: Եւ մարդկանց մեծ մասն ուղղակի նյարդայնացած է նրանց խոստումներից: Իսկ այսօր խոստում ընդհանրապես չեն տալիս: Երբ ասում ես՝ բա թիվ-միվ չկա՞, ասում են՝ սա հո մաթեմատիկա՞ չէ: Պատկերացնո՞ւմ եք: Շուտով ԱԺ-ին բյուջե են ներկայացնելու, բայց թիվ չկա: Այս մարդիկ ձեռ են առել իրենց ու բանավեճի էլ չեն գալիս:
-Ինչո՞ւ չեն գալիս:
-Նայե՛ք՝ այդ կուսակցությունում Սերժ Սարգսյանը հասկացնել է տալիս, որ, իրենից բացի, մարդ չկա: Բայց եթե ինքն իր պահվածքով ցույց է տալիս, որ, իրենից բացի, ՀՀԿ-ում մարդ չկա, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է մտածում ժողովրդի մասին: Եւ այս մարդը խոսում է դեմոկրատիայից։ Հետո այդ մարդու ներքին կուլտուրա՛ն տեսեք: Այսպիսի կուլտուրա կարող է ունենալ մի մարդ, որն ապրել է հեռավոր մի հետամնաց վայրում ու ոչինչ էլ չի հասկացել: Գուցե այդ հետամնացի հետ գործ ունենք: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի լիդերները պետք է թողնեին ու դուրս գային այդ կուսակցությունից: Նույնիսկ Հիտլերն այդպիսի բան թույլ չէր տալիս: Նա թույլատրում էր, որ, օրինակ, Գեբելսն իրեն ողջուներ:
-Բայց ՀՀԿ-ականներն ասում են, որ բոլոր կուսակցականներն էլ համաձայնել են ծրագրին, որ Սերժ Սարգսյանը միանձնյա պետք է իրականացնի քարոզարշավը:
-Ես էլ ասում եմ, որ չկա այդպիսի ՀՀԿ-ական, որ չասի, թե դա էշություն է: ՀՀԿ-ում էլ համաձայն չեն Սերժ Սարգսյանի հետ: ՀՀԿ կուսակցությունը, փաստորեն, մի մարդ է՝ Սերժ Սարգսյան։ Պարզապես այնքան վախկոտ են, որ, ինչպես փոխաբերաբար ասում են, «թքում ես երեսին, ասում է՝ անձրեւ է»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս