ԲՀԿ-ի պայքարողներն էլ են կողմ քվեարկել. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս խնդիրը քննարկվել է, բազմաթիվ խմբակցություններ կողմ են քվերակել, հիմա ամենամեծ միտինգավոր կուսակցությունը ևս հունիսի 20-ին կողմ է քվեարկել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից, որոնց դեմ բողոքի ալիք են բարձրացրել տոնավաճառների աշխատողները:

«Ի վերջո, պետք է խնդիրը լուծում ստանա, այնպիսին պետք է լինի լուծումը, որ բյուջեն չտուժի, և մեր պետությունն ու ժողովուրդը չտուժեն», – ընդգծեց նա:

Ըստ Շարմազանովի` ամեն ինչ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ օրենսդրական մակարդակի վրա:

«Մի քիչ էլ դժվար է իշխանության համար, քանի որ շատ քաղաքական կուսակցություններ ամիսը մեկ կարծիք են փոխում: Ամսի 20-ին կողմ են քվեարկել, հիմա՝ մի քանի ամիս անց, ասում են` դեմ ենք: Բա ո՞րն է երաշխիքը, որ այսօր ընդունեցին, վաղը չեն դժգոհի, մանկապարտեզ չի: Դրա համար ավելի լավ է նստել քննարկել, երաշխիք չկա, որ ծափահարություններով կողմ են քվեարկել, ասում էին` շատ լավ է, որ 3.5%-ից 1% են իջեցնում, ստվերը կրճատվում է, բյուջեն էլ կլցվի, հիմա հակառակն են պնդում: ԲՀԿ-ից որ պայքարում են, իրենք կողմ են քվեարկել»,-նշեց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց` իրենց  խնդիրը մեկն է՝ օպտիմալ օրենքներ ընդունել հասարակության ու պետության համար. «Բայց նաև  ընդունում են այն պնդումը, որ եթե մենք  3.5%-ից 1%-ի ենք իջեցնում ու ստվերի դեմ պայքարում ենք, հետո ասում ենք` եկեք ստվերի դեմ չպայքարենք, ուրեմն մենք իրավունք չունենք խոսել ստվերի դեմ պայքարից: Եթե մինչ այդ այդ նույն քաղաքական ուժերն ասում են` ստվերը հիմնական խնդիրն է, ստվեր կա, հիմա ասում են` եկեք աչք փակենք, հիմա սրա վրա ենք աչք փակում, հետո էլ ուրիշ բանի վրա, պետք է օպտիմալ լուծում գտնենք», – եզրափակեց նա:




Լրահոս